Գասպարյանի փաստաբանը «սուտ և զրպարտություն» է անվանել ՔԿ հաղորդագրությունը

Գասպարյանի փաստաբանը «սուտ   և զրպարտություն» է անվանել  ՔԿ հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները «ամբողջությամբ սուտ են և զրպարտություն»։

Նա նաև նշում է, որ վստահ է՝ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար։

ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Պայմանավորվածության համաձայն՝ խմբային շահերից ելնելով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը նշված ընկերության նախկին սեփականատիրոջը ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ՝ հրահանգել է իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցներին աջակցել նրան և չխոչընդոտել նրա ծավալած ձեռնարկատիրական գործունեությանը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում, իսկ մյուս կողմից՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների երթուղի դուրս գալու համար:

2011 թվականից մինչև 2018 թվականը ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---