ԱՄՆ-ում ուզում են չեղարկել «Արմենալի» սեփականատիրոջ դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ում ուզում են չեղարկել «Արմենալի» սեփականատիրոջ դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) հայտարարել է, որ մտադիր է 30 օրում չեղարկել Օելգ Դերիպասկայի En+, ալյումին արտադրող UC Rusal («Ռուսալ») և «Եվրոսիբէներգո» ԲԲԸ դեմ գործող պատժամիջոցները: Պատժամիջոցների չեղարկման պայման կլինի, որպեսզի գործարարը հրաժարվի հսկիչ փաթեթից բոլոր այդ ընկերություններում, գրում է «Վեդոմոստին»:

UC Rusal («Ռուսալ») Ընկերությունը Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» ընկերության մայր ձեռնարկությունն է։ Գործարանի արտադրանքը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: 2017 թվականին այն արտադրել է 33,700 տոննա ալյումինի փայլաթիթեղ, հիմնականում՝ ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Համաձայն ընկերության հաշվետվության մեջ ներկայացված տվյալների՝ նախորդ տարի ընկերության համախառն եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է 67,5%-ով՝ հասնելով մինչև 6.031 մլրդ դրամի կամ մոտ $12.5 մլն–ի:

Դերիպասկայի բաժնեմասը En+-ում, որին պատականում է բաժնետոմսերի հսկիչ փաթեթը աշխարհում ալյումինի արտադրության մեծությամբ երկրորդ UC Rusal ընկերությունում և որը ՌԴ «Եվրոսիբէներգո» խոշոր ՀԷԿ-երի սեփականատերն է, 70%-ից կնվազեցվի մինչև 44,95%: Ապագայում գործարարն իրավունք չի ունենա ավելացնելու իր բաժնեմասը: Հսկիչ փաթեթը պետք է փոխանցվի Դերիպասկայի հետ ոչ մի կապ չունեցող կառույցներին:

Իրենց փաթեթներով քվեարկելու իրավունք չեն ունենա նաև գործարարի ընտանիքի անդամները: Այդ իրավունքը նրանք պետք է փոխանցեն «անկախ երրորդ կողմին»:

2018 թվականի ապրիլից Օլեգ Դերիպասկան և նրա ընկերությունները՝ այդ թվում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալը», հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն էապես դժվարեցրել, երբեմն էլ՝ անհնար է դարձրել նրանց կողմից միջազգային առևտուրի իրականացումը։

Արդեն սեպտեմբերին միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ «Ռուսալի» կազմի մեջ մտնող՝ Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է արտադրությունը: Նշվում է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել կրճատումների, ընդհուպ մինչև պարապուրդի մատնել գործարանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից PanARMENIAN.Net ին տեղեկացրել էին, որ կառավարությունը ձեռնարկում է քայլեր ընկերության արտահանման աշխարհագրությունը բազմազանեցնելու և ԱՄՆ արտահանվող ապրանքն այլ երկրներում իրացնելու ուղղությամբ: Բացի այդ, Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ ընթանում են քննարկումներ՝ հայկական արտադրանքի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի չկիրառման վերաբերյալ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---