Զախարովա. ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորման համար

Զախարովա. ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու համար, բայց ժամանակային սահմանափակում պետք չէ դնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ղարաբաղյան հակամարտությունը 2019-ին կարգավորվի` հաշվի առնելով Բաքվի լավատեսությունն այս հարցում։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակի ինքնավարության իրավունք տալ։

«Մենք ժամանակային սահմանափակում չենք դնում, միշտ կողմ ենք եղել հնարավորինս արագ կարգավորմանը և բոլոր միջոցները կձեռնարկենք դրա համար»,– ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

Նա հստակ ժամկետ չի նշել, միայն ասել է, որ «պատմությունը երկար է, հակամարտությունը` ձգձգված»։

«Բայց այն, ինչ կախված է ռուսական կողմից` և որպես Մինսկի խմբի համանախագահ, և որպես երկիր, որը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն ու անցյալ ունի, անհրաժեշտ ամեն բան կանի»,– հավելել է Զախարովան։

 Ուշագրավ
---