Ավտոներկրողները պահանջում են նվիրատվության հարկը վերացնել և խելամիտ հարկեր սահմանել

Ավտոներկրողները պահանջում են նվիրատվության հարկը վերացնել և խելամիտ հարկեր սահմանել

PanARMENIAN.Net - Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր կարգին, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից:

Մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի:

Ներկրողները պահանջում են նվիրատվության հարկը վերացնել և խելամիտ հարկեր սահմանել: Օրինակ, ըստ նրանց, մեկ մեքենայի վաճառքից ունենում են 200 դոլարի եկամուտ, բայց վճարում են 600 դոլարի չափով հարկ, հայտնում է Panorama.am-ը:

«Նախկին օրենքի համաձայն՝ իրավունք ունեինք տարվա ընթացքում մեկ մեքենան վաճառեինք, մեկն էլ նվիրատվություն տայինք ու դրանց համար հարկ չէինք մուծում, իսկ հիմա օրենք է փոխվել, որի մասին տեղյակ չենք եղել: Արդյունքում ստացվում է, որ նվիրատվությունը կոչվում է բիզնես և տվյալ մեքենայի 20 տոկոսի չափով հարկ պետք է մուծվի: Հիմա տուգանքներ են եկել»,-ասել են նրանք:

Կառավարության նիստից հետո վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հարցը քննարկել են կառավարությունում:

«ՀՀ ֆինանսների նախարարի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած քննարկման ժամանակ եկել ենք այն եզրահակացության, որ 20% եկամտահարկը բարձր բեռ է և հնարավոր չէ մեքենայի վաճառքից նման հարկ վճարել: Այսինքն՝ ավտոներկրողները մի մեքենան վաճառում էին, մյուսը նվիրատվություն անում և առաջացել է 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Հիմա մենք լսելով ավտոներկրողների պահանջները նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են՝ մոտ 30-40 հազար դրամ: Այսինքն՝ հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի և առաջիկայում Հարկային օրենսգրքի հետ կամ ավելի շուտ կարող է մտնել ԱԺ»,-ասել է Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա այլևս մարդը ստիպված չի լինելու գնալ իր հարևանների, ազգականների անունով մեքենա բերի:

Այսինքն, ըստ նրա, մեքենաները բերելու են իրենց անունով և դրանց համար հարկեր են վճարելու:

Նաիրի Սարգսյանի նաև նշել է, որ մինչև այս լուծում մարդկանց ծանուցումներ է ուղարկվել, որ 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն: Ըստ նրա՝ մշակված նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու և 1,5 տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ հարցրեց՝ տեղյա՞կ են, որ մաքսային գները բարձրացել են, մարդիկ չեն կարողանում մաքսազերծել մեքենաները: Նա առաջարկեց ոչ թե 1,5 տոկոս սահմանել, այլ լինի հաստատագրված վճար, որ մարդիկ իմանան՝ տվյալ մեքենայի համար այդքան գումար են վճարելու:

2018 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել մոտ 75,000 ավտոմեքենա:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---