Նազարյան. Պետաշխատողներին պարգևավճարների տրամադրումը պետք է փոխվի

Նազարյան. Պետաշխատողներին պարգևավճարների տրամադրումը պետք է փոխվի

PanARMENIAN.Net - Պետական աշխատողներին պարգևավճարների տրամադրման ընդունված ձևը, պրակտիկան պետք է փոխվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հավելելով, որ պարգևավճարներ պետք է տրվեն աշխատանքի արդյունքի հիման վրա, ինչը պետք է չափվի հստակ չափանիշներով և լինի աշխատակցի խրախուսման միջոց:

Ավելի վաղ «Հետք» լրատվամիջոցը հրապարակել է իրենք իրենց և աշխատակազմին պարգևատրած մարզպետների անունները, որոնց թվում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա հավելել է, որ կառավարությունը պետք է մշակի չափորոշիչներ ու ներդնի այս մեխանիզմը:

Լենա Նազարյանն անդրադարձել է նաև լիագումար նիստերի դահլիճում միատեսակ քվեարկություններին՝ նշելով, որ շատ բնական է քաղաքական թիմի համար, քանի որ հիմնական քննարկումներն ու բանավեճերը տեղի են ունենում դրանից առաջ՝ խմբակցությունում ու հանձնաժողովներում: «Խմդրում եմ բոլորին առավել ուշադիր հետևել խմբակցություններում ու հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ այդ կարգադրությունները, որ ընդունել են մարզպետները, անընդունելի են՝ հատկապես հաշվի առնելով նրանց աշխատած կարճ ժամանակը` 7 ամիս, 2 ամիս և այլն:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշել է, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն չարաշահել իրենց լիազորությունները։Լրագրողների դիտարկմանը, որ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, Մակունցն ասել է, որ խնդիրը ցածր աշխատավարձերն են, լավագույն աշխատողները խրախուսման և պարգևատրումների կարիք ունեն: «Եթե օրենքը թույլատրում է՝ նորմալ է, այլ հարց է, եթե մենք ուզում ենք սահմանափակել, որ կառույցները իրենք իրենց չպարգևատրեն, սա կքննարկենք»,- ասել է Մակունցը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---