«Մոբայլ Սենթրը» մոլորեցնում է հաճախորդներին․ Վարչական վարույթ է հարուցվել

«Մոբայլ Սենթրը»  մոլորեցնում է հաճախորդներին․ Վարչական վարույթ   է հարուցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց) ընկերության հանդեպ, հայտնում է ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը դրսևորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:

Ըստ դիմումատուի, բջջային հեռախոսների խանութ-սրահի կողմից հեռարձակվում է գովազդ, որտեղ նշվում է, որ ցանկացած սմարթֆոն կամ պլանշետ գնելու դեպքում ևս մեկ հեռախոս տրվում է նվեր: Գովազդի վերջում հատուկ ընդգծվում է՝ «Շնորհավորում եմ, զույգ հեռախոս ունեցանք» արտահայտությունը, և քանի որ որպես նվեր տրվող երկրորդ հեռախոսի մոդելը գովազդում նշված չէ, ապա սպառողները զույգ հեռախոս արտահայտությունը վերագրում են միանման հեռախոսներին, որոնցից մեկը տրվում է բացարձակապես անվճար՝ որպես նվեր:

Սակայն, դիմելով խանութ-սրահ, քաղաքացիները տեղեկացել են, որ սմարթֆոն գնելու դեպքում որպես նվեր ստանում են ոչ թե նույն հեռախոսի զույգը, ինչպես ասվում է գովազդում, այլ իրենց բնորոշմամբ՝ 10,000-20,000 դրամանոց հեռախոս: Դիմումատուները նշում են, ակնհայտ մոլորեցնող գովազդի առկայության հանգամանքը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում կուսումնասիրվի խնդիրը և այդ մասին կտեղկացվի հանրությանը: Հանձնաժողովը կարևորում է գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին առնչվող խնդիրները, քանի որ դրանք ոչ միայն վնասում են սպառողների շահերին, այլ նաև որոշակիորեն խոչընդոտում են նույն ոլորտում գործող տնտեսվարողների գործունեությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---