ՀՀ-ում ամեն 5-րդը վաղաժամ է մահանում, հիմնական պատճառներից է ծխելը

ՀՀ-ում ամեն 5-րդը վաղաժամ է մահանում, հիմնական պատճառներից է ծխելը

PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ ԱՆ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններով ընդհանուր հիվանդների թիվը 2010-2017թթ. 1318-ից աճել է մինչև 1974:

Այս մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Իր խոսքերով, վերոնշյալ հիվանդություններից Հայաստանում անհանգստացնող վիճակագրություն ունի տղամարդկանց շրջանում տարածված թոքերի քաղցկեղը, որը 5-6 անգամ բարձր է կանանց համեմատ: «Սա պայմանավորված է Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ. ծխում է չափահաս տղամարդկանց 51.5%-ը: Այս վնասներին գումարվում է նաև ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը չծխող բնակչության առողջության վրա: Որպես արդյունք, ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացությունը (մինչև 65 տարեկան) կազմում է 18.6%: Հայաստանում վաղաժամ մահացության ցուցանիշը (485 մահ 100 000 մարդու հաշվով) զգալի գերազանցում է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշը (380 մահ 100 000 մարդու հաշվով): Չնայած մինչ այդ կիրառված ջանքերի, ցուցանիշը 2014 թվականից այն կողմ գրեթե չի բարելավվում», - նշել է նախարարը։

Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ արյան շրջանառության համակարգի/սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների, համատեղ գնահատված ծախսերը կազմում են 356,4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 6.4%), այդ թվում, որից մոտ 67․6 մլրդ դրամը բուժման ծախսերն են, իսկ 288․8 մլրդ դրամը՝ տնտեսության անուղղակի ծախսերը (աշխատուժի արտադրողականության կորուստ, վաղաժամ թոշակ եւ հիվանդության հետ կապված ծախսեր):

Հղում անելով, մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, նախարարը նշում է, որ «ծխախոտի օգտագործման նվազեցումը պետության համար ամենաարագ և ամենաէժան միջոցն է իջեցնելու բնակչության՝ քաղցկեղից և այլ ոչ վարակիչ հիվանդություններից մահերի թիվը»: Սա նաև արդյունավետ միջոց է պայքարելու վերջին տասնամյակներում «երիտասարդացող» ոչ վարակիչ հիվանդությունների դեմ (վիճակագրությունը վկայում է դեռահաս կամ երիտասարդ տարիքում ծխել սկսելու աճի միտման մասին): Թորոսյանը նշում է, նաև, որ, հետազոտությունների համաձայն, ՀՀում ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի և ռազմավարությունների իրականացման շնորհիվ 40 տարում հնարավոր է 187 հազար մարդու կյանք փրկել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի անդամ երկրներում (այդ թվում և Հայաստանում) վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունն և այդ հիվանդություններից մահացությունն աճել է 2-3 անգամ: 10 մարդուց 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից: Մահվան հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (55.6%), չարորակ նորագոյացությունները (20.4%), շաքարային դիաբետը (3%) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (2.4%):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---