Սորոսի հիմնադրամի տնօրեն. «Ռեստարտին» $20,000 դրամաշնորհը տրվել է առանց նախապայմանի

Սորոսի հիմնադրամի տնօրեն. «Ռեստարտին» $20,000 դրամաշնորհը տրվել է առանց նախապայմանի

PanARMENIAN.Net - «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոս) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, անդրադառնալով «Ռեստարտ» ուսանողական թիմի և «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի միջև միջադեպին, հայտարարել է, որ հիմնադրամը դատապարտում է անձի հանդեպ այս և բոլոր տեսակի այլ հարձակումները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել:

Նա հավելել է, որ «Ռեստարտին» $20,000 դրամաշնորհը տրվել է առանց որևէ նախապայմանի, իսկ բոլոր այն պնդումները, թե նախապայմաններից մեկն այն է, որ նրանք պետք է պահանջեն Արամ Սիմոնյանի հրաժարականը, որ հիմնադրամը նպատակ ունի վնասել Երևանի պետական համալսարանի հեղինակությանը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, «անհեթեթ են, վիրավորական ու սուտ», հայտնում է «Հայկական ժամանակը»:

Այդ մասին Լարիսա Մինասյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե «Ռեստարտ» ուսանողական թիմին ինչի՞ համար է տրվել դրամաշնորհը, արդյո՞ք նրանք կատարել են իրենց աշխատանքը, քանի որ մինչ այժմ ԵՊՀ-ին կամ ուսանողներին միտված քայլ չեն տվել, և արդյո՞ք այդ գումարը տալու նախապայմաններից մեկն այն է, որ նրանք պետք է պահանջեն Արամ Սիմոնյանի հրաժարականը:

Մինասյանը հայտնել է նաև, որ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը դրամաշնորհի նպատակն է ԵՊՀ կյանքում ուսանողների իրազեկված մասնակցությունն ապահովելը և ուսանողների կողմից բուհի կառավարումը հաշվետու դարձնելու գործընթացին սատարելը։ «Ռեստարտը» իր ստեղծման օրից զբաղված է հենց դրանով, և վերջերս կազմակերպության ղեկավարը ստացել է բարձր պարգև նաև միջազգային կազմակերպություններ ներկայացնող նախաձեռնությունից։ Որևէ նախապայման չկա, մենք հաշվի ենք առնում միայն այն, ինչ գրված է դրամաշնորհի հայտում։ Ծրագրից դուրս որևէ գործունեություն չենք վերահսկում»,-ասել է նա: ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է հիմնադրամը այդքան մեծ գումարներ տվել ԵՊՀ-ին՝ Մինասյանը պատասխանել է. «Հիմնադրամի կրթական ծրագրերն ունեն սկզբունքային և ռազմավարական թիրախներ։ Կրթական մեր ծրագրերի նպատակը եղել է և կա սատարումը բարեփոխումներին։ Որպես մայր բուհ՝ ԵՊՀ-ն եղել է մեր ծրագրերում առաջատարը։ Այն ունի շատ մեծ կարողություններ՝ կրթության համակարգի իրական անցումային բարեփոխում իրականացնելու տեսանկյունից: Ընդհանուր կրթական ծրագրերի համար տրվել է 7 մլն 700 հազար դոլար: ԵՊՀ-ն ուղղակի ստացել է 822 հազար դոլար գրանտ և 218 հազար դոլարի ծրագրեր կատարվել են մեկ այլ գործընկեր կազմակերպության կողմից՝ ԵՊՀ-ում: Պետական ինժեներական համալսարանը ստացել է 375 հազար դոլար, բժշկական համալսարանը 115 հազար դոլար, ակադեմիան և ֆունդամենտալ գրադարանը 170 հազար դոլար, ազգային գրադարանը՝ 574 հազար դոլար: Հիմնադրամը նաև ունեցել է կրթաթոշակների ծրագիր»:

Լարիսա Մինասյանը, պատասխանելով պնդմանը, թե հիմնադրամին մեղադրում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ կապ ունենալու մեջ, ասել է, որ հեղափոխությունը տեղի չէր ունենա, եթե չլինեին հարյուր հազարավոր մարդկանց համախմբումը, գաղափարների, արդարության, արդարադատության պահանջը, անպատժելիության մթնոլորտը, բացարձակ լճացման ու քաղաքացու թևաթափման մթնոլորտը, եթե չլիներ հարյուր հազարավոր մարդկանց պոռթկումը ու ցանկությունը՝ փոխելու երկիրն ու իրավիճակը:

«Ես հպարտ եմ ասել, որ տարիների ընթացքում խնդիրները՝ հաշվետվողականության պակասը, մարդու իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդավարության նենգափոխումը, հիմնադրամը փորձել է կանխել դրանց տարածումը, թույլ չտալ՝ անելով մոնիտորինգ, ցույց տալով փաստերը»,-ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---