Վարչապետը ցավակցել է Դանելիայի հարազատներին և մտերիմներին

Վարչապետը ցավակցել է Դանելիայի հարազատներին և մտերիմներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.«Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին: «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն ու անգերազանցելի հումորը: Նրանք հաստատում են բարին ու գեղեցիկը, սերն ու հավատարմությունը»:

Վարչապետը Հայաստանի ժողովրդի անունից ցավակցել է Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին»:

Խորհրդային և ռուսական կինոյի հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան մահացել է 88 տարեկանում Մոսկվայում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է (1989): 1959 թվականին Գեորգի Դանելիան սկսել է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա», (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը։ Գեորգի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմում է սատիրայի ժանրին և դառնում կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։

1967-1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Ֆիտիլ» սատիրական ամսագրի համար։Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---