Վրաստանի նախագահը դիմել է ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցելու խնդրանքով

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ամերիկյան հառուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել Վրաստանի դեմ: «Ռուսաստանը մեր դեմ ռազմական գործողություններ է սկսել մեր սեփական տարածքում»,- ընդգծել է նա: Վրաց նախագահը նաեւ նկատել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում այսօր աջակցություն ցուցաբերել Վրաստանին, հաղորդում է Reuters-ը:



Իր հերթին, Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Կախա Լամայան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը «շատ մոտ են պատերազմական վիճակին», եթե արդեն պատերազմի մեջ չեն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը մտել են Հարավային Օսեթիայի տարածք:



Միեւնույն ժամանակ, CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում վրաց նախագահը հայտարարել է, որ Թբիլիսին ծրագրում է ետ կանչել իր զորքերը Իրաքից, որպեսզի պատվով պատասխանի «Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»: «Վրացական զորքերի ստորաբաժանումներից մեկը այժմ գտնվում է Իրաքում եւ վաղը մենք ետ ենք կանչում այն Վրաստան»,- հայտնել է Մ. Սահակաշվիլին:



Ընդ որում, վրաց առաջնորդը իրադրությունը համեմատել է 70 տարի առաջ տեղի ունեցածի հետ, երբ Խորհրդային Միությունը հարձակվել է Ֆինլանդիայի վրա: «Այնպիսի տպավորություն է, որ ժամանակը ետ է շրջվել: Մարդու ազատությունն ու իրավունքները կրկին սպառնալիքի տակ են»,- հավելել է նա: - Հասել է ճշմարտության ժամը: Սա բեկումնային պահ է Եվրոպայի պատմության մեջ»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Օսեթիայի տարածք են մտել Հյուսիս-կովկասյան ռազմական շրջանի 58-րդ ստորաբաժանումները, որոնք հասել են մայրաքաղաք Ցխինվալի: Վրացական կողմից հաղորդումների համաձայն, ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են Վազիանի ավիակայանը, որը գտնվում է Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա: ՌԴ պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաստատել է, որ հավելյալ ռազմական ուժեր է ուղարկել Հարավային Օսեթիա` խաղաղապահներին աջակցելու նպատակով, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---