Նախագահը՝ Nokia-ի ղեկավարին. ՀՀ-ն նորարարությունների հարթակ է

Նախագահը՝ Nokia-ի ղեկավարին. ՀՀ-ն նորարարությունների հարթակ է

PanARMENIAN.Net - Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, և երկրի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ հանդիպմանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում:

Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթական համակարգի դերը՝ այն դիտարկելով որպես այդ ամենի հիմքը։

Նշելով, որ ՀՀ-ն Խորհրդային Միությունից ժառանգել է բավականին լավ կրթական համակարգ՝ նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը բաց է դեպի նորը։ «Մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր»,-ընդգծել է նա, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասել է, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով: Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում հաջողակ լինելու են այն երկրները, որոնք լավ հիմք են պատրաստում այդ փոփոխությունների համար։

Նախագահ Սարգսյանը ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Nokia Corporation-ը մասնագիտացած է հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ու զգալի միջոցներ է ներդնում տեխնոլոգիական նոր լուծումների հայթայթման, դրանք իրենց արտադրանքում կիրառելու վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---