Նախագահ․ Լավագույն հնարավորությունն ունենք զարգանալու սեփական հողում, ամբողջանալու որպես կենսունակ պետմիավոր

Նախագահ․ Լավագույն հնարավորությունն ունենք  զարգանալու սեփական հողում,  ամբողջանալու որպես կենսունակ պետմիավոր

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։ Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է ու փառավոր՝ մեր կորուստները միայն ամրապնդել են մեր ապրելու ձգտումը, մեր միտքն ուղղված է եղել ստեղծելուն, մեր ուժը՝ խաղաղություն հաստատելուն: Երախտապարտ լինենք բոլոր այն մարդկանց, ովքեր 1918 թվականին կերտեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1920 թվականից ի վեր՝ Խորհրդային Հայաստանը, իսկ 1991 թվականին վերածնեցին անկախ Հայաստանի Հանրապետությունը, բոլոր նրանց, ովքեր շուրջ երեք տասնամյակ պահպանել ու պահպանում են այն», - ասել է նախագահը։

Նա նշել է, որ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովումն ու կայուն զարգացումը համազգային նշանակության խնդիր են, իսկ համազգային խնդիրները կարող են լուծվել միայն համազգային ջանքերով՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի ողջ կարողություններն ու ներուժը օգտագործելով:

Նախագահը շեշտել է, որ պետք ենք ձևավորել Միասնական Ազգային օրակարգ՝ ընդհանուր կենսական նշանակություն և կարևորություն ունեցող գերակա խնդիրներով ու առաջնայնություններով, և որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավված լինի ընդհանուր հարցերին վերաբերող որոշումների կայացման գործընթացում։

«Եվ այս առումով անգնահատելի է մեր երիտասարդության դերակատարումը։ Այսօր ես առանձնահատուկ դիմում եմ Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր երիտասարդ սերնդին անկախ պետականությամբ հայրենի հողի վրա համախմբվելու կոչով: Այսօր լավագույն հնարավորություններն ունենք ապրել ու զարգանալ սեփական հողում, երազել ու մտածել վաղվա մասին, ամբողջացնել Հայրենիքը որպես միասնական գաղափար և որպես զորեղ ու կենսունակ պետական միավոր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով, այսօր մենք պատմական հնարավորություն ունենք բարելավելու մեր երկիրը, նպաստելու մեր հայրենիքի հզորացմանը և, ավելի քան երբևէ, այսօր մենք կարող ենք և պարտավոր ենք միասնաբար՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռապատիկ ուժն ու հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին», - ասել է նախագահը:

Աստված բոլորիս պահապան»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---