Զեկույց. ՀՀ բնակչության 50.9%-ը երկրորդ մասնագիտություն ստանալու ցանկություն չունի

Զեկույց. ՀՀ բնակչության 50.9%-ը  երկրորդ մասնագիտություն ստանալու ցանկություն չունի

PanARMENIAN.Net - Հայաստանում ներկայումս բնակչության կեսից ավելին՝ 50.9%-ը, ընդհանրապես ցանկություն չունի ձեռք բերել որևէ նոր մասնագիտություն։

Հանրային կարծիքի հետազոտության Breavis ընկերության «Նոր մասնագիտության նախընտրությունները ՀՀ-ում» զեկույցի համաձայն, նոր մասնագիտություն ստանալ ցանկացողների շարքում գերակշռող են 18-30 տարեկանները՝ 68.8%, սակայն զգալի է նաև 61-ից բարձր մարդկանց ցուցանիշը՝ 22․2%: Պարզվում է նաև, որ նոր մասնագիտություն ստանալ ցանկացողների 53․3%-ն արդեն ունի բարձրագույն կրթություն։

Նախընտրելի այլ մասնագիտությունների շարքում առաջատար դիրքում է բժշկի/բուժքրոջ մասնագիտությունը, որին հաջորդում են տնտեսագիտական, լեզվաբանական, իրավագիտական, մանկավարժական և ՏՏ ոլորտի մասնագիտությունները։

Նշվում է, որ որքան բարձր է տարիքային խումբը, այնքան նվազում է նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկությունը։ Մասնավորապես, եթե 18-30 տարեկանների շրջանում նոր մասնագիտություն ձեռք բերել չի ցանկանում հայաստանցիների 25%-ը, ապա 31-45 տարեկանների շրջանում նույն ցուցանիշը հասնում է 39.1%-ի՝ աճելով մինչև 65% 46-60 տարեկանների և 75.1%՝ 61 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։

«Տարբերվում են նաև տարիքային խմբերի նախընտրելի նոր մասնագիտությունները՝ զարմացնելով բազմազանությամբ։ Այսպես, 18-30 տարեկանների շրջանում ցանկալի նոր մասնագիտություններից առաջին տեղում են, այսպես կոչված, «թրենդային» ոլորտների մասնագիտությունները՝ տնտեսագիտություն (այդ թվում՝ ֆինանսներ, հաշվապահություն)՝ 7.1%, բժշկություն՝ 5.7%, լեզվաբանություն/բանասիրություն՝ 5.2%։ Հետաքրքիր է, որ ՏՏ ոլորտում երկրորդ մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների թիվն այս խմբում համեմատաբար փոքր է՝ 4.3%։ 31-45 տարեկանների խմբում առաջին տեղում են բժշկական մասնագիտությունները (9.3%)։ Հաջորդում են տնտեսագիտությունը (7.7%) և իրավագիտությունը (5.9%)», - նշվում է զեկույցում։

Ավելի բարձր տարիքային խմբերում ևս նախընտրելի են «թրենդային» մասնագիտությունները. 46-60 տարեկանների շրջանում առաջին 3 տեղում են լեզվաբանություն/բանասիրություն (4.4%), բժշկություն (4.4%) և իրավագիտություն (3.3%) մասնագիտությունները, իսկ 61-ից բարձր տարիքային խմբում դրանց տեղերն ուղղակի փոխվում են՝ լեզվաբանություն/բանասիրություն (3.6%), իրավագիտություն (3.3%) և բժշկություն (2.8%):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---