ՏՄՊՊՀ անդամի թեկնածու. Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողնում շաքարավազ բերել՝ ուղղակի ձեռնտու չէ

ՏՄՊՊՀ անդամի թեկնածու. Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողնում շաքարավազ բերել՝ ուղղակի ձեռնտու չէ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանը, ԱԺ-ում քննարկումների ժամանակ անդրադառնալով շաքարի և բանանի ներմուծման խնդիրներին, հայտարարել է, որ այնպես չէ, որ ինչ-որ մեկը թույլ չի տալիս շաքարավազ բերել՝ ուղղակի ոչ մեկին ձեռք չի տալիս:

Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո շաքարի և բանանի ներմուծման շուկայում ակտիվություն չի նկատվում, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Եղել է շաքարի մենաշնորհ, բանանի մենաշնորհ, որը պատկանել է «Քեթրին գրուպ» ընկերությանը։ ՏՄՊՊՀ-ն ներկայացրել էր, որ բանանի շուկայում մենաշնորհը կրճատվել է, և շուկա է մտել նոր 21 ընկերություն, բայց կար տեղեկություն, որ դրանք պատկանում էին «Քեթրին գրուպի» նույն սեփականատիրոջը։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը, և ինչու մեկ տարվա ընթացքում մենք չենք տեսնում ակտիվություն բանանի և շաքարի շուկայում»,-ասել է Սամսոնյանը:

Ի պատասխան՝ Ճաղարյանն ասել է․«Բանանի ներմուծումը, վաճառքը մի քիչ սպեցիֆիկ է: Հեղափոխությունից հետո շատ մարդիկ փորձեցին ներմուծել բանան, բայց նրանցից մի քանիսը խնդիրներ ունեցան: Եթե խնձորը կարող ես վաճառել, մի շաբաթից չվաճառվի, 10 օրից կվաճառվի, բանանինն այդպես չէ, հստակ օրեր կան, որ պիտի ունենաս շուկա, որտեղ սպառես: Չես կարող այսօր 20 տոննա բանան բերել՝ չիմանալով քո սպառման կետերը: Այստեղ ունենք արդեն ամուր դիրքերում կազմակերպություն, այնպես է ստացվում, որ նոր խաղացողները կդժվարանան մտնել, բայց ամեն ինչ պետք է անենք, որ կարողանան ու մենաշնորհը վերանա»,- ասել է Ճաղարյանը:

Ինչ վերաբերում է 21 կազմակերպության նույն մարդուն պատկանելուն, Ճաղարյանն ասաց, որ դա հեշտ է հայտնաբերել և պետք է լինի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Անդրադառնալով շաքարի ներմուծման խնդիրներին՝ Ճաղարյանն ասել է, որ խնդիրը որակի մեջ է: Կազմակերպությունները, որոնք նոր են ուզում սկսել շաքարավազի ներմուծում, հաշվարկներ են կատարում ու նրանց մոտ չի ստացվում: Կարծում եմ՝ այստեղ որակի հետ կապված հարցեր կան, որակը պիտի խորը ուսումնասիրվի: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ մեկին ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել: Ինչքան էլ տարօրինակ է, շաքարավազի ներմուծմամբ զբաղվում են միայն պահածո և հրուշակեղեն արտադրող գործարանները, որովհետև քաղցրության, որակի հարցեր կան, մի փոքր ավելի թանկ է նստում իրենց վրա, բայց գերադասում են ներմուծել»,- ասել է Ճաղարյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---