Երևանի նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան $6.4 մլն-ի խնայողություն է ապահովվել

Երևանի նոր ՋԷԿ-ի  պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան $6.4 մլն-ի խնայողություն է ապահովվել

PanARMENIAN.Net - Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան $6.4 մլն-ի խնայողություն է ապահովվել: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նախարարությունն անդրադարձել է նաև մամուլում այն տեղեկությանը, թե ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին, և որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը»։

«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2017 թվականի մարտի 17-ին Երևան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն, սակայն դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո որևէ շինարարական աշխատանք չէր իրականացվել, թե ինչու և ինչ պատճառներով չեն իրականացվել վերոնշյալ աշխատանքները՝ մեկնաբանությունը թողնում ենք հանրության դատին: 2018 թվականի հունիսին՝ իշխանափոխությունից հետո, «Ռենկո» ՍպԱ ընկերության ղեկավարությունը դիմել էր գործող կառավարությանը առաջարկությամբ՝ ֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջների ու պայմանների քննարկման համար, ինչը ընդունվել էր ներկայիս իշխանության կողմից և համաձայնագիրը վերաբանակցվել էր՝ հաշվի առնելու համար վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները», -ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բանակցությունները ավարտվել են 2018 թվականի սեպտեմբերին, որից հետո 2018 թվականի նոյեմբերի 13-ին սահմանված կարգով այն վերակնքվել էր փոփոխված և վերաշարադրված տեսքով:

Վերաբանակցվել էր նաև համաձայնագրով նախատեսված սակագինը, ինչի արդյունքում փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի կնքման պահի դրությամբ գործող գազի գների պարագայում սակագինը նվազեցվել էր 6.02 ԱՄՆ ցենտից մեկ կՎտժ-ի դիմաց՝ մինչեւ 5.7 ԱՄՆ ցենտ, որի արդյունքում տարեկան կտրվածքով $6.4 մլն-ի խնայողություն է ապահովվել:

2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության և վարկատուների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական զարգացման բանկի, Դի-Ի-Ջի Դոյչե Ինվեստիցիոնս ունդ Էնթվիկլունսգեզելշաֆտ կազմակերպության և ՆԱԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի հետ կնքվել է ուղղակի պայմանագիր: Ֆինանսավորման ամփոփումը տեղի է ունեցել 2019-ի հունիսի 14-ին:

«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ծրագրի կատարման որևէ ուշացում կամ գործընթացի կասեցում չի եղել, բանակցությունները տևել են մոտավորապես 2 ամիս, ծրագիրը փոփոխության չի ենթարկվել, շինարարական աշխատանքները ինտենսիվ ձևով սկսվել են 2019 թվականի մարտից և որևէ ձևական բնույթ չեն կրում: Տեղեկացնում ենք, որ ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է մոտ $256 մլն, որից մոտ $93.4 մլն-ի չափով ներդրվել է իտալական «Ռենկո» ՍպԱ-ի և «Սիմեստ» ՍպԱ-ի և գերմանական Սիմենս Փրոջեքթ Վերչըրս ԳմբՀ ընկերությունների կողմից, իսկ մնացած գումարը ներգրավվելու է կառուցապատողի կողմից վերը նշված վարկային կազմակերպություններից», - ասված է հաղորդագրության մեջ:

Շինարարությունում ներգրավված է լինելու մոտ 1000 աշխատող: Կառուցապատման ժամկետը Շրջանակային համաձայնագրի համաձայն կազմում է 25 ամիս:

Օրերս Երևանում մեկնարկել է նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---