Գառնիում ու Գեղարդում վարդավառին ավելի քան 10,000 հայաստանցի ու զբոսաշրջիկ է մասնակցել

Գառնիում ու Գեղարդում վարդավառին ավելի քան 10,000 հայաստանցի ու զբոսաշրջիկ է մասնակցել

PanARMENIAN.Net - Վարդավառի տոնը մեծ հանդիսությամբ նշվել է Գեղարդի և Գառնիի տարածքում՝ «Վարդավառ» միջազգային փառատոնի շրջանակում, որին մասնակցել է ավելի քան 10,000 հայաստանցի ու զբոսաշրջիկ:

Փառատոնի միջացառումները բազմաթիվ էին. պատարագ Գեղարդավանքում, ազգային-ավանդական մշակույթը, ՀՀ մարզերի բերքն ու բարիքը ներկայացնող տաղավարներ Գառնիում, ազգային խաղեր, բեմականացված ներկայացումներ, Աստղիկ դիցուհուն նվիրված հին-հայկական արարողություն, ազգային երգ ու պար, ձեռքի աշխատանքների ցուցադրություն, ծիսական ուտեստներ, հատուկ «Քուեստ» (Quest) երիտասարդների ու փառատոնի հյուրերի համար:

Փառատոնի ամբողջ ընթացքում Գառնիի տաճարի տարածքում առկա էր «կենդանի գրադարանը»՝ տոնի պատմությանն ու առանձնահատկություններին քաջատեղյակ մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով էին կիսվում Փառատոնի հայ և օտարերկրացի մասնակիցների հետ։

Գառնիում փառատոնի բացման խոսքով է հանդես եկել Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ կարևորելով հայկական մշակույթի վերհանումը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանումը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի ու Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված այս տոնի նշանակությունը:

«Վարդավառը երիտասարդության ամենասիրված տոներից է, իսկ Գեղարդում և Գառնիում այն կազմակերպելն էլ ավելի մեծ շուք է հաղորդում մեր փառատոնին: Ազգային, մշակութային ավանդույթները տարածողները երիտասարդներն են, հենց նրանք պետք է պահպանեն ու հանրահռչակեն դրանք՝ լավագույնս ծանոթ լինելով մեր պապերի թողած ժառանգությանը: Եվ, վերջապես, աշխարհի տարբեր անկյուններից Վարդավառի փառատոնին մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերը մշակութային նման միջոցառումներին մասնակցելով էլ ավելի լավ են ճանաչում ու սիրում հայերիս», -ասել է Մխիթարյանը:

Փառատոնի ծրագրում ընդգրկվում է ինչպես Վարդավառի եկեղեցական, այնպես էլ մինչքրիստոնեական ծիսակատարությունները՝ առավել ամբողջականորեն ներկայացնելու Վարդավառի խորհուրդը, տոնի էությունը:

Փառատոնը կազմակերպմանն օժանդակել է ՀՀ Կոտայքի մարզպետարանը:

Ամենամյա «Վարդավառ» միջազգային փառատոնը իրականացվում է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ. այն արդեն վեցերորդ տարին անընդմեջ համախմբել է բազմաթիվ երիտասարդների, Հայաստան ժամանած հյուրերի և այս տոնի հազարավոր սիրահարների: Փառատոնի նպատակն է ներկայացնել ազգային-ավանդական մշակույթը, լայն հասարակությանը ճանաչելի դարձնել Վարդավառի տոնական և ծիսական առանձնահատկությունները:

Ընթերցեք նաև՝ «1 օրում Սևանում 100,000 մարդ է հանգստացել»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---