Վայոց ձորի մարզպետի՝ ծեծկռտուքին մասնակցել-չմասնակցելու հարցը պարզելու համար տեսագրություններ են առգրավվել

Վայոց ձորի մարզպետի՝ ծեծկռտուքին մասնակցել-չմասնակցելու հարցը պարզելու համար տեսագրություններ են առգրավվել

PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»,- գրել է Հարությունյանը:

2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Փոխնդապետը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է կոմայի մեջ: Սեպտեմբերի 22-ին դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար կալանավորվել էր Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:Ինքը մարզպետը հերքում է իր առնչությունը միջադեպին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---