ՏՄՊՊՀ-ն հորդորում է կոնյակ արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցությունից

ՏՄՊՊՀ-ն հորդորում է կոնյակ արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցությունից

PanARMENIAN.Net - ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է կոնյակ արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցությունից: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում:

Վերլուծվում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանձնաժողովը հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով:

Կատարվում են վերլուծություններ ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարների, մթերվող խաղողի ծավալների և արտադրական հնարավորությունների վերաբերյալ: Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ արտադրող ընկերություններում՝ խաղողի մթերման, խմորման և թորման փուլերում: Անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ շուկայում վաճառվող և արտահանվող կոնյակները կենթարկվեն լաբորատոր հետազոտությունների:

«Հայաստանի Հանրապետություն տարեկան ներմուծվում է շուրջ 1 մլն լիտր կոնյակի սպիրտ: Հետևելու ենք, որպեսզի ներմուծվող կոնյակի սպիրտի հետագա օգտագործման ընթացքում բացառվեն անբարեխիղճ մրցակցության դրսևորումները: Տեղեկատվության հավաքագրման նպատակով համագործակցում ենք պետական այլ մարմիններ հետ: Որոշ տվյալներ մտահոգիչ են. մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք մթերվող խաղողի հայտարարվող ծավալները համապատասխանում են իրական պատկերին, թե ոչ: Հորդորում ենք արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող այլ գործողություններից»,-ասվում է հայտարարության մեջ:

Ուսումնասիրություններն ավարտելուն պես արդյունքները կամփոփվեն, և հանրությանը կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն, հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---