Ազնավուրի մահվան տարելիցն է

Ազնավուրի մահվան տարելիցն է

PanARMENIAN.Net - Մեկ տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերի 1-ին, կյանքից հեռացավ երգիչ, երգահան, դերասան, հասարակական գործիչ, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը:Նա մահացել է 94 տարեկանում:

Շանսոնյեն ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային երգիչ: Նրա գրած երգերից 9-ը լավագույն ֆրանսիական երգերի թվում են: 1973-ին «She» (Նա) երգը արժանացավ ոսկե, հետո նաև պլատինե սկավառակի: Ընդհանուր առմամբ ֆրանսահայ շանսոնյեն հազարից ավելի երգ է գրել: Ազնավուրը Պատվո լեգիոնի շքանշանակիր է, արժանացել է Victory և շատ ու շատ այլ մրցանակների: Իր երկար կարիերայի ընթացքում նա նկարահանվել է հայտնի կինոռեժիսորների ավելի քան 60 ֆիլմում, պարգևներ ստացել դերասանական աշխատանքի համար, 1971-ին արժանացել Վենետիկի կինոփառատոնի ամենահեղինակավոր «Ոսկե առյուծ» մրցանակի: Նա ինքը մի քանի օպերետ է բեմադրել, որից առաջինը՝ Monsieur Carnaval-ը միանգամից ճանաչվեց, այնտեղ հնչեց նրա հայտնի հիթը՝ La boheme-ը:

Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը (հենց այդպես էին նրան անվանել) ծնվել է Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ախալցխայում ծնված հայրը՝ Միշա Ազնավուրյանը, արմատներով Էրզրումից էր, մայրը՝ Իզմիրից:

Ժամանակին դերասանական խմբի հետ Միշա Ազնավուրյանը Բաթումից անցավ Կ.Պոլիս, որտեղ հանդիպեց, հետագայում՝ ամուսնացավ Քնար Բաղդասարյանի հետ։ Վերջինիս ընտանիքը միլիոնավոր հայերի հետ 1915-ի Մեծ եղեռնի զոհ էր դարձել: 1920-ականների սկզբին Ազնավուրյանների երիատասարդ ընտանիքը նորածին դստեր՝ Աիդայի հետ, տեղափոխվեց Բուլղարիա, ապա` Փարիզ: Միշան սկսեց աշխատել հոր ռեստորանում, նա հայերեն ու ռուսերեն երգեր էր երգում, թառ նվագում․ այդ ընթացքում ընտանիքի հոգսերը ծանրացել էին կնոջ ուսերին։

Փարիզի ակումբներից մեկում առաջին մենահամերգի պայմանագիր ստորագրելու համար Շառլից շատ ջանք պահանջվեց։ ․․․ Հյուսիսային Աֆրիկա, պայմանագիր «Մուլեն Ռուժի» հետ, ելույթ փարիզյան «Օլիմպիայում», սարսափելի ավտովթար, գիպսով անցկացրած անթիվ ամիսներ, համաշխարհային հռչակ ու, վերջապես, հաջողույթուն... Քիչ-քիչ, տարեցտարի Ազնավուրն իրեն ու մյուսներին ապացուցում էր, որ ինչ-որ բանի ունակ է։ Նրանք, ով դեռ մի քանի տարի առաջ չարախոսում էին, սկսեցին ընկերանալու փորձեր անել։ Նա, ինչպես և Պիաֆը, ընկերների իր շքախումբը ձեռք բերեց, բայց շատ լավ էր հիշում Էդիթի խոսքերը․ «Հիշիր, թափառաշրջիկ, երբ քեզնից սկսում են պարտքով գումար խնդրել, կամ բացեիբաց հափշտակում՝ նշանակում է, որ ճիշտ ուղղու վրա ես»,- ու չէր զարմանում ժամանակ առ ժամանակ հայտնվող աղքատ բարեկամներին ու մանկության դժբախտ ընկերներին։ Ազնավուրին արդեն ամբողջ աշխարհն էր ճանաչում, բայց դա նրան քիչ էր սփոփում։

Ազնավուրի կենսագիր Իվ Սալգը գրել է. «Այդ ձայնը, որը, կարծես, աղետի եզրին է ու ամեն պահ կարող է խռպոտանալ ու լռել, այդ մեծագույն ձայնը հևացող, բայց արիաբար գագաթը նվաճող լեռնագնացի ձայն է, վիրավոր թռչունի խուլ ու տանջալից ձայն, որը փետուրների հետ բեմին է գցում սիրո կախարդական երգերը, այդ հոգևարք ապրող ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ մարած հրաբուխ է հիշեցնում, որը բառերն արտասանում է ավելի շատ սրտի, քան ականջի համար… լսելի է ամբողջ աշխարհում»:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Ընթերցեք նաև. Շառլ Ազնավուր. Դրվագներ 93-ամյա կենդանի լեգենդի կյանքից

Ազնավուրը՝ հայ ժողովրդին. Շնորհակալ եմ հպարտության այս մեծ զգացման համար

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---