// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Իմ խաչը» ֆիլմն արդեն մեծ էկրանին է (վիդեո)

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Իմ խաչը» ֆիլմն արդեն մեծ էկրանին է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ից մեծ էկրաններին է բարձրացել «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքների մասին:

Ֆիլմի կենտրոնում 1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժիշկ Ժակի և վրիժառու դարձած արցախցի Սոնայի պատմությունն է:

Ֆիլմի ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է, գլխավոր դերերում հանդես են գալիս Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը և Նարինե Գրիգորյանը, Ժակին մեծ տարիքում մարմնավորում է ռուս անվանի դերասան Բորիս Խվոշնյանսկին:

Տպավորված արցախյան հերոսների պատմություններով՝ պատերազմը վավերագրող Շավարշ Վարդանյանի մոտ ծագում է դրանք գեղարվեստական ստեղծագործության վերածելու գաղափար, որը սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի հետ համատեղ վերածվում է գեղարվեստական կինոսցենարի: Ֆիլմում նաև օգտագործվել են ռեժիսորի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր:

«Ինքս մասնակցել եմ պատերազմին, 1988-ից գնացել եմ Ղարաբաղ և 4 տարի անընդմեջ մնացել եմ այդտեղ, նկարահանել եմ բազմաթիվ մարտական կադրեր, որոնք պատմում են մեր հերոս տղաների մասին: Իմ նպատակն էր գնալ Արցախ ոչ թե զենքով, այլ տեսախցիկով, որպեսզի կարողանայի այս պատմությունը հաղորդել սերունդներին: Եվ ես այսօր հպարտ եմ, որ նկարահանած կադրերն օգտագործվում են տարբեր ֆիլմերում և հաղորդումներում», - պատմեց ռեժիսորը, ով Արցախյան ազատամարտի տարիներին նաև վիրավորվել էր և կորցրել 5 տեսախցիկ:

Նրա խոսքով՝ շատ կադրեր կորել են, բայց մեծ մասը՝ շուրջ 1200 նկարահանված ժամ, հաջողվել է փրկել: Վարդանյանը պատմեց, որ պատերազմի մասին ունի նկարահանած մի քանի դոկումենտալ ֆիլմ, բայց գեղարվեստական նկարահանելու միտքը երբեք հանգիստ չէր տալիս:

Պրոդյուսեր Հրաչյա Մեսրոպյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են 5 տարի՝ 2014-ից: Աշխատանքները ստանձնել են «Ռակուրս» և մոսկովյան APcinema ընկերությունները Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Ինչպես հավելեց պրոդյուսեր Վալերի Սահարյանը, ֆիլմը հոկտեմբերի 5-ից կցուցադրվի նաև մշակութային մայրաքաղաք Գյումրիում, որից հետո ֆիլմի պրեմիերա է նախատեսվում Ստեփանակերտում։

«Նախատեսում ենք մասնակցել ֆիլմով նաև տարբեր միջազգային կինոփառատոններին, արդեն մի քանի դիմում ենք պատրաստել», - նշեց Սահարյանը։

Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից, որ ֆիլմում իրականությունն օբյեկտիվորեն է ներկայացված, միևնույն է այն արդեն իսկ հասցրել է զայրացնել հարևան Ադրբեջանը, որը դեռ ֆիլմի նկարահանման ժամանակ փորձել է որոշակի խոչընդոտներ ստեղծել։

«Ես վստահ եմ, որ հետագայում մեր հարևանները կփորձեն նաև խանգարել ֆիլմի մասնակցությանը միջազգային կինոփառատոններին, բայց ես՝ որպես պրոդյուսեր, խոստանում եմ, որ անկախ նրանց բոլոր փորձերից ֆիլմը կհայտնվի միջազգային հարթակներում», - ընդգծեց Սահարյանը։

Ֆրանսիացի բժշկին մարմնավորող Մուրյանն իր հերթին պատմեց ֆիլմի նկարահանման ընթացքից։ Նրա խոսքով՝ շատ է հավանել Ժակի կերպարը:

«Ինձ համար շատ հետաքրքիր էին Ժակի ներքին խնդիրները, ապրելու բնազդը: Հետաքրքիր էր նաև աշխատել Ժակի ռուսերեն խոսելու վրա, քանի որ ես մաքուր ռուսերեն եմ խոսում, իսկ ֆիլմում պետք էր ֆրանսիական ակցենտ ստեղծել», - պատմեց Մուրյանը:

Ռուսերենի ֆրանսիական արտասանությունն ապահովելու համար դերասանը մեծ աշխատանք է տարել: Ռուսերենով իրեն ուղարկված սցենարը թարգմանել է ֆրանսերեն, այնուհետև հետ է թարգմանել ռուսերեն, բայց արդեն պահպանելով ֆրանսիական շարահյուսությունը:

«Դա թույլ էր տալիս ռուսերենում անել որոշակի սխալներ, որոնք թույլ կտար ֆրանսիացին: Սցենարը թարգմանեցի ոչ թե ռուսերեն տառերով, այլ լատինատառ, որպեսզի չարտասանեմ բառերն այնպես, ինչպես ռուսախոսը», - հավելեց դերասանը:

Բժշկի առօրյան ուսումնասիրելու համար նա նաև պրակտիկա է անցել հիվանդանոցում:

«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում մեծ դերասանական կազմով՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Ինչպես նաև ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը:

Ֆիլմի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան), իսկ ֆիլմում հնչող «Վերադարձ» երգի հեղինակներն են՝ Ռաֆֆի Ալթունյանը (երաժշտության հեղինակ) և Արթուր Սաֆարյանը (խոսքերի հեղինակ):

 Ուշագրավ
Չեղարկումն ի թիվս այլոց քննադատել էին Թանկյանն ու Համասյանը
Դա պայմանավորված է փոփոխական ու ցուրտ եղանակով
Ֆիլմը ՀՀ-ն կներկայացնի «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում