Ձվեր, Ալիև, Թովմասյան ու Փաշինյան․ «Հայելու» գրասենյակի վրա հարձակվել են

Ձվեր, Ալիև, Թովմասյան ու Փաշինյան․ «Հայելու» գրասենյակի վրա հարձակվել են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին քաղաքացիներ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, եկել են «Հայելի» մամուլի ակումբի ու նույնանուն կայքի գրասենյակի մոտ, որտեղ ձվերով հարվածել են փակ գրասենյակի դռանն ու պատերին և Իլհամ Ալիևի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու վերջինիս քույր Անժելա Թովմասյանի լուսանկարներով պաստառներ կպցրել այնտեղ։

Ինչպես իրենք մասնակիցները պատմել են ֆեյսբուքյան իրենց եթերում, այսպիսով նրանք բողոքն էին հայտնում «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածին (այն առկա է կայքում խմբագրված՝ Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերնագրով՝ խմբ․)։

Հոդվածն, ըստ էության, «Վալդայ» ակումբի հավաքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների ու դրան զուգահեռ Ալիևի հնչեցրած Ղարաբաղի մասին հայտարարությունների շարադրությունն է։ Այն վերջանում է «Այժմ, Ալիևը՝ Պուտինի հետ միասին հնչեցնում է իր դիրքորոշումը. Պատասխանը Փաշինյանին: Հատուկ՝ Պուտինի ներկայությամբ քննարկման ժամանակ նման հայտարարությունները վկայում է այն մասին, որ նա փորձում է ցույց տալ, որ Մոսկվան կիսում է Բաքվի տեսակետը» եզրակացությամբ:

Գործողության ընթացքում նրանք զուգահեռներ են տարել Ալիևի ու Թովմասյանների միջև ու հայտարարել, որ «Երկուսն էլ պետք ա փասափուսեքը հավաքեն-գնան Ադրբեջան Ալիևի մոտ», - մասնավորապես, ասել է նրանցից մեկը։

Միջադեպը լայն քննադատության արժանացավ սոցցանցերում, այդ թվում՝ «Իմ Քայլի» մի քանի պատգամավորների, մասնավորապես, Վահագն Թևոսյանի ու Գայանե Աբրահամյանի կողմից։ Վերջինս իր արձագանքում նաև ակնարկել է «Վետո» խմբի՝ «Բաց հասարակություններ» հիմնադրամի գրասենյակի մոտ գործողությունների մասին։ «Ոմն խմբակի հարձակումները քաղհասարակության դեմ չդատապարտելը նաեւ հանգեցրեց նման գործողությունների կրկնության ու որպես պայքարի միջոց հնարավոր տարբերակ դիտարկելուն, սա անընդունելի է եւ պետք է հավասարապես դատապարտելի լինի», - նշել է նա։

Անժելա Թովմասյանն, իր հերթին, հանցագործության մասին հաղորդում է տարել ու գնահատել տեղի ունեցածը որպես Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալության շարունակություն։ «Հակահայ քարոզչության հարցում մեր կայքի մոտեցումների մասին տկարամիտ հայտարարություններ անողներին և մեզ հանիրավի մեղադրանքներ ներկայացնողներին խորհուրդ ենք տալիս բացել և կարդալ ստեղծման օրից ի վեր մեր կայքում տեղ գտած բոլոր հրապարակումները», - հայտարարել է նա։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---