«Ազնավուր» կենտրոնի շենքը վերակառուցվելու է (Ֆոտո)

«Ազնավուր» կենտրոնի շենքը վերակառուցվելու է (Ֆոտո)

PanARMENIAN.Net - Կասկադի հարևանությամբ գտնվող «Ազնավուր» կենտրոնի շենքը վերակառուցվելու է: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասացին «Ազնավուր» հիմնադրամի հաղորդակցման բաժնից: Շինության վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2020 թվականի գարնանը, այս պահին աշխատանքների տևողությունը գնահատվում է մոտ երկու տարի։

Վերակառուցման մի քանի հայեցակարգ ներկայացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, և նա ընտրել է ճարտարապետ Արիս Ադամյանի տարբերակը։ Այնուհետև Ազնավուրն անձամբ է աշխատել Ադամյանի հետ՝ տալով իր բոլոր դիտարկումներն ու առաջարկները։

Արձագանքելով հարցին, թե հնարավոր է ներկայիս շենքը կառուցվել է ճարտարապետական կամ շինարարական բացթողումներով, այդ պատճառով են իրականցվում վերակառուցման աշխատանքներ՝ հիմնադրամի հաղորդկացման բաժնից նշեցին, որ շենքը հիմնավոր փոփոխությունների է ենթարկվում՝ ավելի ընդգրկուն կենտրոն ստեղծելու և ապագա կենտրոնի բովանդակային հայեցակարգին հարմարեցվելու համար: Ներկայացուցչի խոսքով՝ ներկայիս շենքի արժեքի մասին Հիմնադրամը որևէ տեղեկություն չունի։ Իսկ «Ազնավուր» կենտրոնի ստեղծման (այդ թվում՝ ներկա շենքի վերակառուցման և հետագա ամբողջական համալրման) գումարը «Ազնավուր» հիմնադրամին նվիրաբերել են Ազնավուր ընտանիքն ու անհատ նվիրատուն։

«Շառլ Ազնավուրի հեղինակած այս նախագծի իրականացումը «Ազնավուր» հիմնադրամի առաջնահերթություններից է։ Վերափոխված շենքն իր մեջ ներառելու է արտիստի ինտերակտիվ, գերժամանակակից թանգարանը և կրթամշակութային կենտրոն, որտեղ դասընթացներ ու ծրագրեր են իրականացվելու երեք ուղղությամբ՝ երաժշտություն, կինոարվեստ, ֆրանսերենի ուսուցում։ Կենտրոնը լինելու է բազմաֆունկցիոնալ, իր մեջ ներառելու է կինոթատրոն, համերգասրահ, ձայնագրման ստուդիա, մեդիագրադարան և այլ եզակի բաժիններ ու տարրեր»,- հաղորդեցին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան «Ազնավուր» հիմնադրամի հաղորդակցման բաժնից։

«Ազնավուր» կենտրոնի գլխավոր մուտքի էսքիզը՝ կազմված Արիս Ադամյանի և հաստատված՝ Շառլ Ազնավուրի կողմից

Այս փուլում մշակված հայեցակարգի հիման վրա նախագծման աշխատանքներ են տարվում տեղական ճարտապետական ստուդիայի կողմից: Շինության վերակառուցման հայեցակարգն անցել է համապատասխան ուսումնասիրություն և ստացել ճարտարապետահատակագծային առաջադրանք Երևանի քաղաքապետարանի կողմից, ըստ որի տարվում են նախագծման մանրամասն աշխատանքներ։

Պետության կողմից Շառլ Ազնավուրին նվիրաբերված շենքը կառուցվել է 2007-ից 2011-ի ընթացքում։ Երկար տարիներ այն դատարկ է մնացել՝ երբևէ որպես կացարան կամ թանգարան չծառայելով արտիստի համար։ 2017 թվականին շենքի բանալիները հանդիսավոր կերպով հանձնվել են արտիստին, ով նվիրաբերել է այն «Ազնավուր» հիմնադրամին և որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ սկսել անձամբ աշխատել այստեղ «Ազնավուր» կենտրոն հիմնելու նախագծի վրա։

Շենքի այսօրվա տարբերակը, որը ենթակա է վերակառուցման, հեղինակել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»
Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսով