Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատճառը Թուրքիայի գործողություններն են Սիրիայում, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Փաստաթուղթը կոչված է ճնշում գործադրելու Անկարայի հանդեպ՝ ստիպելու համար վերջինիս դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Սահմանափակումները կարող են առնչվել մարդկանց ու կազմակերպություններին, որոնց գործողությունները «վտանգ են առաջացնում քաղաքացիական անձանց համար կամ խարխլում են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-ասվում է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում ասել են, որ պատժամիջոցների ցանկում արդեն իսկ հայտնվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները և դրանց ղեկավարները, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սյլուն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը մտադիր է մոտ 50 տոկոսով բարձրացնել թուրքական պողպատի ներկրման սակագները՝ այսինքն հասցնել այն մակարդակի, որը կար մինչև մայիսի նվազումը: ԱՄՆ-ն նաև կդադարեցնի Անկարայի հետ 100 մլն դոլարի գործարքի շուրջ բանակցությունները:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---