Քոչարյանի` «Պոպլավոկում» սպանության գործով դատապարտված թիկնապահը կրկին կհարցաքննվի

Քոչարյանի` «Պոպլավոկում» սպանության գործով դատապարտված թիկնապահը կրկին կհարցաքննվի

PanARMENIAN.Net - 2001 թվականին «Պոպլավոկ» սրճարանում ջավախահայ Պողոս Պողոսյանի սպանության գործով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2 տարի պատժի դատապարտված թիկնապահ Աղամալ Հարությունյանը նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակում կկանչվի հարցաքննության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Աղամալ Հարությունյանը գտնվում է Հայաստանում:

Աղամալ Հարությունյանը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկին գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամներից էր։ 2002 թվականին նա մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար)։ Հարությունյանին նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել էր, որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանը կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է։ Աբրահամյանի խոսքով՝ Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ։ Աբրահամյանը նշել էր նաև, որ որպես նոր երևան եկած հանգամանք է դիտվել նաև դեպքից 18 տարի անց Պողոսյանի սպանության ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը:

Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին ժամը 00:30-ի սահմաններում, «Պապլավոկ» սրճարանի զուգարանում իր և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող՝ Պ. Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, հեղափոխությունից հետո դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն և ԱԱԾ, որպեսզի վերաբացվի գործը, նոր քննություն կատարվի և բացահայտվի նաև Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը դրանում։

2001 թվականի սեպտեմբերի 24-ին Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանը «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնելիս դիմել էր՝ «պրիվետ Ռոբ», որից հետո Քոչարյանի թիկնապահները նրան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան:

Դեպքից հետո Պողոս Պողոսյանի գործով փաստաբանն էր Ռոբերտ Քոչարյանի ներկայիս փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---