Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հարցում

Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հարցում

PanARMENIAN.Net - Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ գրեթե 6 ժամ տևած բանակցություններից հետո:

Պուտինն այդ պայմանավորվածություններն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահները հաստատել են հավատարմությունը Սիրիայի միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը:

Նշվում է, որ առկա ստատուս քվոն «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում՝ Թել Աբյադի և Ռաս էլ Այնի միջև 32 կմ խորությամբ, կպահպանվի: Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողության սահմաններից դուրս տարածքը կզբաղեցնեն Սիրիայի զինծառայողներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ուժերի նահանջին սահմանից 30 կմ խորությամբ: Այդ գործողությունը պետք է ավարտվի 150 ժամում: Այդ պահից կմեկնարկի ռուս-թուրքական համատեղ պարեկությունը սահմանից 10 կմ խորությամբ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք, բացառությամբ Ղամիշլիի:

Քրդական զորամիավորումներն, ըստ համաձայնագրի, դուրս կգան Մանբիջից և Էլ Ռիֆաթից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 17-ին Անկարայում բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել թուրքական ռազմական «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիսում դադարեցնելու մասին:Ինչպես ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, Թուրքիան պարտավորվել է կասեցնել «Խաղաղության ակունք» գործողությունը, որպեսզի քրդական ջոկատները «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից», որոնց Անկարան համարում է շաղկապված ՔԱԿ հետ, 120 ժամվա (5 օրվա) ընթացքում կարողանան հեռանալ անվտանգության գոտուց:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին
Ավելի վաղ արքայազն Հարիին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների
Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո