Ցույցերը Թբիլիսիում շարունակվում են. Ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը

Ցույցերը Թբիլիսիում շարունակվում են. Ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը

PanARMENIAN.Net - Ցույցերը Թբիլիսիում շարունակվում են, ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը: Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս Վրաստանի խորհդարանի պատգամավորներին շենք մտնել: Շենքի առջև և Ռուսթավելու պողոտայի երթևեկելի մասում վրաններ են տեղադրված: Բացի այդ, ցուցարարները շղթայով և կողպեքով փակել են խորհրդարանի բակի դարպասը, որպեսզի մեքենաներ չմտնեն:

Իշխող «Վրացական երազանքի» անդամ պատգամավորներին դիմավորել են սուլոցներով և վռնդել տարածքից: Ոստիկանները չեն խոչընդոտել, միայն փորձել են թույլ չտալ, որ ցուցարարները շատ մոտենան պատգամավորներին, հայտնում է «Sputnik Գրուզիան»

Ավելի վաղ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան ապօրինի է համարել խորհրդարանի շենքի շրջափակումը, սակայն, ամեն ինչում մեղադրել է իշխող կուսակցության անդամ պատգամավորներին, որոնք դեմ են քվեարկել ընտրակարգի փոփոխությանը:

Բողոքի ցույցերը Թբիլիսիսում մեկնարկել են նոյեմբերի 14-ից: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---