6-րդ վարչությունը ստուգում է Ավինյանի խորհրդականի եղբոր ընկերությունը

6-րդ վարչությունը ստուգում է Ավինյանի խորհրդականի եղբոր ընկերությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը հրապարակումների հիման վրա ստուգումներ է իրականացնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին պատկանող «Eloyan Architects» ընկերությունում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Ըստ Պետրոսյանի՝ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects-ն նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում:

Պետրոսյանը նշել էր, որ Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում:

«Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որը, ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017-ի վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չէ, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով, կարծում եմ, կկարողանանք հանգիստ լինել (ավելին՝ ներողություն խնդրել), բայց, միևնույնն է, մնում է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի»,- ասել էր Սարհատ Պետրոսյանը:

Նոյեմբերի 18-ին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, թե այդպես էլ չի հասկացել «կոռումպացվածության հասնող թայֆայականության» տերմինը: Ավինյանը նշել է, որ, ինչքանով տեղյակ է, Էլոյանը պատրաստվում է Պետրոսյանի հայտարարությունների հետ կապված դիմել դատարան: «Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ: Եթե կա շահերի բախում, օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել»,-ասել է Ավինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---