Նիդերլանդներում 9-ամյա տղան ավարտում է համալսարանը

Նիդերլանդներում 9-ամյա տղան ավարտում է համալսարանը

PanARMENIAN.Net - 9-ամյա բելգիացին, որն ապրում է Նիդերլանդներում, ավարտում է համալսարանը: Դեկտեմբերին նա բակալավրի աստիճան կստանա Էյնդհովենի Տեխնիկական համալսարանում՝ նա սկսել է ուսումը էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում 2019-ի մարտին, երբ դեռ 8 տարեկան էր: 3 տարվա համար նախատեսված դասընթացը պատանի հանճարն ավարտել է 10 ամսում:

Այժմ աշխարհի լավագույն համալսարաններն առաջարկում են վունդերկինդին իրենց մոտ կրթություն ստանալ, սակայն Սիմոնսի ծնողները դեռ չեն հրապարակում, թե որ բուհն է նա ընտրել: Ինքը Լորանն ասում է, որ ցանկանում է շարունակել էլեկտրատեխնիկա ուսումնասիրել՝ թեկնածուի աստիճան ստանալ, և զուգահեռաբար բժշկություն սովորել, գրում է Bird in Flight-ը:

Տղան ասել է, որ ապագայում ցանկանում է զբաղվել արհեստական օրգաններ ստեղծելով, քանի որ պապիկն ու տատիկը սրտի հիվանդություններ ունեն: «Ես կցանկանայի օգնել նրանց պես մարդկանց»,-ասել է Լորանը The New York Times-ին տված հարցազրույցում:

Տղայի ծնողները տևական ժամանակ չէին հավատում, որ իրենց որդին վունդերկինդ է: Լիդիա և Ալեքսանդր Սիմոնսները բժիշկներ են: Նրանք աշխատում էին Նիդերլանդներում, մինչդեռ Լորանին դաստիարակում էին Բելգիայում ապրող պապն ու տատը: «Նրանք միշտ ասում էին մեզ, որ Լորանն առանձնահատուկ է: Մեզ սկզբից թվում էր, որ նրանք ամեն ինչ շատ լուրջ են ընդունում»,-ասել է տղայի հայրը:

Պատանի հանճարի IQ-ն 145 է: «Լորանի կլանելու ունակությունները շատ բարձր են: Դա նշանակում է, որ ամեն ինչ շատ ավելի արագ է տեղի ունենում, և կարելի է շատ կարճ ժամանակում ավելի մեծ նյութ յուրացնել»,-ասել է տղայի դասախոսը՝ ինտեգրված էլեկտրոնիկայի պրոֆեսոր Պետեր Բալտուսը:

Դասերից դուրս Սիմոնսը սովորական երեխա է: Նրան դուր է գալիս Fortnite և Minecraft խաղալ, դիտել Netflix-ի սերիալներն ու լուրերը, նա իր բլոգն ունի Instagramum: Չնայած շրջապատի հիացմունքին՝ Լորանն իրեն ծույլիկ է համարում, քանի որ չի սիրում սպորտով զբաղվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---