Արյունաբանականում բուժվող երեխաների ցանկությունները տիեզերագնացների միջոցով կհասնեն տիեզերք

Արյունաբանականում բուժվող երեխաների ցանկությունները տիեզերագնացների միջոցով կհասնեն տիեզերք

PanARMENIAN.Net - Ռուս տիեզերագնացները միջազգային «Սկաֆանդր» արտ-նախագծի շրջանակներում հանդիպել են քաղցկեղից և արյան այլ հիվանդություններից Երևանի Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների հետ: Հայ երեխաների ցանկությունները տիեզերագնացների միջոցով կթռչեն տիեզերք:

«Երազանքներն ավելի արագ են իրականանում, երբ հասնում են տիեզերք և 16 անգամ պտույտ կատարում»,- պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին են ասել տիեզերագնացները, հայտնում է «Ա1+»-ը:

Արյունաբանական կենտրոնում երեխաներին օգնել են պատկերել իրենց ցանկությունները 63-րդ արշավախմբի երկու տիեզերագնացները: Հենց նրանք են երազանքներով սկաֆանդրը հասցնելու միջազգային տիեզերակայան: Սա թվով 6-րդ «Սկաֆանդր»-ն է: Նախագծի ողջ իմաստն այն է, որ տարբեր երկրներից երեխաները հերթով նկարում են իրենց երազանքները: Հետո դրանցից կարվում է տիեզերագնացի հագուստ (սկաֆանդր), այնուհետև աշխարհի տարբեր ծայրերից երեխաների երազանքները հայտնվում են տիեզերքում:

Իրենց երազանքներն ու ցանկություններն արդեն պատկերել են երեխաներ 6 երկրներից, Հայաստանը 7-րդն է նախատեսվող 17 երկրից:

«Պարզ է, որ երբ երեխան գտնվում է հիվանդանոցում, նրա առաջին երզանքները տան մասին են: Նրանցից շատերը նկարում են տուն: Երբ երեխաների նկարները հայտնվեն տիեզերքում, և երբ նրանք իրենց աչքերով տեսնեն դա, որոշակի ուժ կզգան իրենց մեջ ու կպայքարեն: Բանն այն է, որ այս հիվանդությունը շատ անհատական զարգացում է ունենում, և հաճախ նույնիսկ բժիշկները չեն կարողանում գտնել, թե հատկապես ինչն է հանդիսանում ոմանց առողջանալու պատճառը: Հենց այդ պատճառով պետք է փնտրել ցանկացած պատճառ, որը կօգնի իրենց: Դա պետք է լինի վառ ու գեղեցիկ մի բան, քանի որ այս հիվանդությունը վախենում է դրական, լավ, ուրախ տրամադրությունից»,- ասել է տիեզերագնաց Անդրեյ Բաբկինը:

Յուրաքանչյուր տարի «Սկաֆանդրն» ունենում է հատուկ անուն: Այս տարի այն կկոչվի «Երազող»: Միջազգային նախագծի կազմակերպիչների խոսքով իրենք նախատեսում են թռիչքն իրականացնել 2020-ի ապրիլին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---