BBC. Ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով հայ լրտեսների են փնտրել

BBC. Ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով հայ լրտեսների են փնտրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում մոտ 100 զինվոր խոշտանգումների զոհ է դարձել, գրում է BBC-ն՝ հավելելով, որ այդ մասին գրեթե ոչ ոք չգիտի, քանի որ դատական նիստերն անցել են փակ դռների ետևում:

Կտտանքների տասնյակ զոհեր, դավաճանության մեջ 25 մեղադրյալ և խոշտանգումներից 9 մահացած՝ այսպիսին էր 2017-ին ադրբեջանական բանակում հօգուտ Հայաստանի լրտեսության քննության արդյունքը:

2017-ի մայիսին Ադրբեջանի դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ հայտնելով ՀՀ հատուկ ծառայությունների օգտին լրտեսությամբ զբաղվող զինվորների ձերբակալության մասին:

2017-ի մայիս-հունիսին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների մասին հանրությունը սկսեց իմանալ միայն 2019-ին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել գործի մանրամասները: Այսօր Ադրբեջանում դա կոչում են «Տերտերի գործ»՝ այն շրջանի անունով, ուր տանում էին զինվորներին հարցաքննությունների:

Ըստ իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևայի, նրանցից 9 մահացան՝ չդիմանալով կտտանքներին: Ընդ որում 5-ի դեպքում նույնիսկ քրգործ չէր հարուցվել:

Այժմ առնվազն 25 մարդ պատիժ է կրում կալանավայրում՝ պետական դավաճանության մեղադրանքով: Նրանց մերձավորները դատավարությունների են մասնակցում, բողոքի ակցիաներ իրականացնում Բաքվում: Կտտանքների զոհերից շատերին հաջողվել է խուսափել կալանքից, ոմանք երջանիկ են արդեն նրանով, որ ողջ են մնացել: Իսկ դատարանը դատապարտել է կտտանքներով հարցաքննությունների անմիջական կատարողներին:

Գյուլալիևան նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն դատարանի կողմից հաստատված կտտանքների զոհերն առնվազն 101-ն են, որոնցից 9-ը խոշտանգումներից մահացել է: Նա հանդիպել է հեռացված մի խումբ զինվորականների հետ, որոնք մինչ օրս տառապում են ֆիզիկական և բարոյական վնասվածքներից, որոնք ստացել են ավելի քան 2 տարի առաջ:

2019-ի հոկտեմբերի 29-ին Գյուլալիևային վրաերթի են ենթարկել Բաքվի կենտրոնում՝ հետիոտնային անցումի վրա: Նա ծանր վնասվածքներ է ստացել, եղել է կոմայի մեջ և այժմ բուժվում է արտերկրում:

Տերտերի շրջանը, որտեղ տեղի են ունեցել զանգվածային խոշտանգումները, գտնվում է հակամարտող կողմերի շփման գծից ոչ հեռու: Ըստ փորձագետի, բուն գործը հայտնվել է, քանի որ հրամանատարությունը ցանկացել է թաքցնել իր բացթողումները 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ:

Հայաստանում էլ այդ օրերին բանակը քննադատել են, բայց այնտեղ ամեն ինչ սահմանափակվեց բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պաշտոնանկությամբ ապրիլյան մարտերից արդեն մեկ ամիս անց:

Ադրբեջանում տիրող վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին իրավապաշտպանները, լրագրողներն ու քաղաքական ակտիվիստները բարձրաձայնում են արդեն տարիներ շարունակ:

2013-ին Բաքվի կենտրոնում ցույցեր են անցել բանակում ոչ մարտական կորուստների դեմ, որոնց մասնակիցները դատապարտվել են անկարգություններ կազմակերպելու համար: Կալանավորվածներից վերջինը՝ Իլկին Ռուստամզադեն, ազատվել է միայն 2019-ին: Իսկ բանակում մեծ կոռուպցիայի մասին գրող լրագրող Աֆղան Մուխթարլին մինչ օրս բանտում է:

Ըստ փորձագետների, ադրբեջանական բանակը Հարավային Կովկասում մյուսներից լավ է սպառազինված, սակայն, նրա թույլ կողմերն են անարդյունավետությունն ու կոռուպցիան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---