Կաթողիկոս. ԱՄՆ Սենատում Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը պահանջատիրության նոր էջ է բացում

Կաթողիկոս. ԱՄՆ Սենատում Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը պահանջատիրության նոր էջ է բացում

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

«Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը։

Մենք ողջունում ենք նաև ազգային բոլոր մեր հաստատությունների և նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։

Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց ցեղսպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», - նշել է Վեհափառ Հայրապետը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---