Նախարար. Օրենքը փոփոխելու դեպքում 0-6 տարեկանները կկարողանան մանկապարտեզ հաճախել

Նախարար. Օրենքը փոփոխելու դեպքում 0-6 տարեկանները կկարողանան մանկապարտեզ հաճախել

PanARMENIAN.Net - Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխությունների օրինագծով առաջարկվում է փոխել մանկապարտեզներ հաճախող երեխաների տարիքային շեմը` ներգրավելով նաև 0-6 տարեկան փոքրիկներին, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար: Ըստ նախարարի՝ տեսականորեն նախադպրոցական և նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից սկսած:

«Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»,- Հարությունյանի խոսքերը մեջբերում է «Հայկական ժամանակը»:

Նախարարը հավելել է նաև, որ պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ չկա. «Եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է՝ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական հաստատություններում՝ կրթության որակի հետ կապված»:

Հարությունյանի խոսքով՝ այժմ մանկապարտեզները երբեմն կարող են օրական 3 լրացուցիչ կրթական ծառայություն մատուցել, երեխաներին սովորեցնել անգլերեն, ռուսերեն, իսկ փոքրիկներն այդ տարիքում ավելի շատ խաղալու, խաղի միջոցով կրթվելու կարիք ունեն:

«Մենք հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ երեխան գնում է առաջին դասարան և գիտի 1-ին և 2-րդ դասարանների ամբողջ ծրագիրը: Այդ երեխայի համար հետաքրքիր չէ դպրոցը», - ասել է նա՝ նշելով, որ երբեմն ծնողներին թվում է, թե իրենց երեխաներին ինչքան շատ տանեն խմբակների, այնքան նրանք ավելի կզարգանան, բայց այդ դեպքում դպրոցում կարող են խնդիրներ ստեղծվել:

Հարությունյանը հուսով է՝ օրինագիծն ընդունելու ծրագիրն իրականացնելուն կմասնակցեն նաև միջազգային կազմակերպություններ:

Հունվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ քննարկել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծրագրով նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար պայմաններ ստեղծել: Նախատեսվում են նաև կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների, նախադպրոցական կրթհաստատություններում չափորոշիչների ներդրում և որակի բարելավում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---