Նոստալգիա և էքշն. «ԿինոՊարկում» կայացել է «Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի փակ նախադիտումը

Նոստալգիա և էքշն. «ԿինոՊարկում» կայացել է «Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի փակ նախադիտումը

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին «ԿինոՊարկում» կայացավ «Ընդմիշտ վատ տղաները» (Bad Boys for Life) ֆիլմի փակ նախադիտումը: Հրավիրված էին շոու բիզնեսի ներկայացուցիչներ, բլոգերներ, դիջեյներ և, ինչպես հիմա ընդունված է ասել՝ ինֆլուենսերներ:

«Ընդմիշտ վատ տղաները» ֆրանշիզայի երրորդ ֆիլմն է, որը թողարկվել է նախորդից՝ 17 տարի, առաջինից՝ 25 տարի անց: Չծերացող Ուիլ Սմիթն ու Մարտին Լոուրենսն այս անգամ ևս հաղթահարում են մի շարք դժվարություններ, կռվում բազմաթիվ թշնամիների հետ ու պատժում հանցագործներին: Բայց այդ ամենին գումարվել էր նաև միջին տարիքի ճգնաժամը, երիտասարդ մնալու ձգտումն ու ծերության առաջին նախանշանները:

Նախադիտմանն ուրախ մթնոլորտ էր, ֆիլմից առաջ «վատ տղաների» ոճով երաժշտություն էր նվագում DJ Diana-ն: Հրավիրվածներից գրեթե բոլորն այն սերնդից էին, որը հիշում է առաջին ու երկրորդ ֆիլմը, և, վստահաբար, երրորդը նրանց մեջ արթնացրեց նոստալգիկ հիշողություններ՝ տեղափոխելով մանկության և դեռահասության շրջան:

Սա «ԿինոՊարկի» առաջին փակ նախադիտումը չէ. կինոթատրոնը պարբերաբար կազմակերպում է նման միջոցառումներ հայտնի ֆիլմերի գովազդային արշավների շրջանակում:

«ԿինոՊարկի» տնօրեն Արեգ Դանիելյանի խոսքով՝ փակ նախադիտումներն ամբողջ աշխարհում շատ կարևոր տեղ են զբաղեցնում ֆիլմերի առաջընթացի համար:

«Երբ հայտնիները ներկա են գտնվում ֆիլմի ցուցադրմանը, խոսում են որևէ ֆիլմի մասին, հանդիսատեսի համար դա միշտ հետաքրքիր է», - նշեց Դանիելյանը` հավելելով. «Կարծում եմ՝ այս ֆիլմը հետաքրքիր է հայկական շուկային, քանի որ առաջին երկուսը բավականին սիրված են: Այն նաև շատ սպասված էր, մեզ անընդհատ զանգահարում և հարցնում էին՝ երբ է լինելու պրեմիերան: Այդ պատճառով էլ որոշեցինք կազմակերպել այս փակ նախադիտումը: Առաջինն ենք ցուցադրում այս ֆիլմը»:

Նրա խոսքով՝ հունվարի 23-ից ֆիլմը հասանելի կլինի բոլորի համար, տոմսերն արդեն վաճառքում են: «Ընդմիշտ վատ տղաները» մեր տարածաշրջանում նախատեսված է 18 տարեկանը լրացած հանդիսատեսի համար, սակայն անչափահասները կարող են դիտել այն ծնողի ուղեկցությամբ կամ թույլտվությամբ:

«Եթե երեխան եկել է առանց մեծահասակների, մենք դրամարկղի մոտ զանգահարում ենք նրա ծնողին, ստանում վերջինիս թույլտվությունը, նոր վաճառում տոմսը», - եզրափակեց Դանիելյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---