Ներկրվող ցեմենտի վրա 14,000 դրամի տուրք սահմանող օրենքն առաջարկվում է երկարացնել

Ներկրվող ցեմենտի վրա 14,000 դրամի տուրք սահմանող օրենքն առաջարկվում է երկարացնել

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14,000 դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14,000 դրամ, և նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալի աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Առաջարկում ենք, ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով, երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև այս տարվա հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն և վերջնական գնահատական տալ մեխանիզմի մրցակցային ազդեցությանն ու նաև հասկանալ, թե ՀՀ երկարաժամկետ մրցակցային տեսանկյունից ինչ ազդեցություն է տալիս նախագիծը»,- ասել է Ավանեսյանը:

Փոխնախարարի խոսքով, եթե 2018-ին Իրանից ցեմենտի ներմուծման ծավալն ամսական մոտավորապես 19,000 տ էր, այժմ այն նվազել է՝ դառնալով մոտ 16,000 տ, դրա փոխարեն 3 անգամ ավելացել է կլինկերի ներմուծումը:

Ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանող օրենքը գործում է մինչև ապրիլի 1-ը. նախագծով 3 ամսով երկարաձգվում է ժամկետը: Օրենքն ընդունվել է 2019-ի հունիսին:

Իրանից ցեմենտի ներկրմանը զուգահեռ՝ օրենքն ընդունվել էր տեղական արտադրողին պաշտպանելու համար: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագծի քննարկումների ժամանակ, չնայած բողոքում էր նախագծից և ավելի մեծ արտոնություններ ակնկալում, սակայն քվեարկության օրը կողմ է քվեարկել նախագծի ընդունմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---