Պատգամավոր. ՆԳՆ ստեղծումը կբարձրացնի ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը

Պատգամավոր. ՆԳՆ ստեղծումը կբարձրացնի ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում Ներքին գործերի նախարարության կազմավորումն առավել արդյունավետ կդարձնի ոստիկանության աշխատանքը, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, փոխանցում է Factor.am-ը:

Նրա խոսքով՝ ՆԳՆ ստեղծումը դրական քայլ է իրավապահ համակարգում, քանի որ նախատեսվում է ստեղծել այնպիսի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը, առանց ոստիկանական այլ ծառայությունների:

«Կապահովվի առավել արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն այս ոլորտի նկատմամբ: Արդյունքում ուզում ենք ստանալ ոչ թե հարկադրանքի մարմնի իմիջ ունեցող ոստիկանություն, որն այսօր ունենք, այլ ներկայիս ժողովրդավարական իրավակարգին համապատասխան, հարգանքի արժանի կառույց»,- հայտարարել է պատգամավորը:

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու առաջարկը Արդարադատության նախարարությանն է: Ըստ նախագծի՝ ոստիկանության մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով, իսկ ծառայության համար ներքին և արտաքին սպասումների և ընկալումների անհամապատասխանություն կա։ Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությանը, կլինեն օրենսդրական և ներքին կառուցվածքային որոշ փոփոխություններ: Նախագծով առաջարկվում է նաև քննարկել Միգրացիոն ծառայության վերակազմակերպումը:

Պատգամավորի համոզմամբ՝ ոստիկանությունում պետք է կատարվեն փոփոխություններ, պատրաստվեն որակյալ կադրեր, իսկ ովքեր ոստիկանի կերպարին չեն համապատասխանում, չպետք է լինեն համակարգում:

ՀՀ-ում մինչև 2002-ը գործել է Ներքին գործերի նախարարություն, որի առաջին ղեկավարը եղել է Կառլոս Ղազարյանը, վերջինը՝ Հայկ Հարությունյանը: ՆԳ նախարարի պաշտոնն են զբաղեցրել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---