Մխիթարյան. Կլոպը սուպերմարզիչ է, ընկեր, եղբայր ու հայր, իսկ Մոուրինյոն՝ ամենաբարդը (վիդեո)

Մխիթարյան. Կլոպը սուպերմարզիչ է, ընկեր, եղբայր ու հայր, իսկ Մոուրինյոն՝ ամենաբարդը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային «ԿրաՍավա» հաղորդման նոր թողարկման մեջ Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ֆուտբոլային կարիերայի մասին՝ ինչպես էր Կլոպը համոզում իրեն տեղափոխվել «Բորուսիա», ինչու տարակարծություններ առաջացան Մոուրինյոյի հետ, ինչպես է հանդիպել հայտնի գործակալ Մինո Ռայոլային և ինչու չի մեկնել Բաքու՝ ԵԼ եզրափակչին:

Մարզիկը պատմել է, որ մինչև Եվրոպա տեղափոխվելն ուկրաինական «Շախտյորի» մարզաբազայում էր ապրում:

«Երազանք ունեի՝ խաղալ Եվրոպայում, ամենալավ ակումբներում: Ինձ նույնիսկ Լուչեսկուն էր ասում. «Դուրս արի բազայից, ինչո՞ւ ես անընդհատ այնտեղ»: Ես դուրս էի գալիս, բայց ոչ հաճախ, միայն ֆուտբոլի վրա էի կենտրոնացած»,- ասել է Հենրիխը՝ խոսելով կարիերայի մեկնարկի մասին, գրում է Sports.ru-ն:

Պատմելով «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվելու և գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ հանդիպման մասին՝ Մխիթարյանն ասել է. «Կլոպն անմիջապես պատմեց ինձ` ինչ գաղափարներ ունի, որտեղ է ինձ տեսնում, ինչ է պահանջում»:

Հենրիխը խոստովանել է, որ երբ հանդիպել է Կլոպին, վերջինս խոսակցությունից առաջ գրկել է իրեն, պոկել հատակից ու ասել, որ չի իջեցնի, մինչև Մխիթարյանը չստորագրի պայմանագիրը:

Նա հավելել է, որ բացի սուպերմարզիչ լինելուց, Կլոպն իսկական ընկեր էր, «հայր ու եղբայր»:

«Նա միշտ խոսում է քեզ հետ, սատարում: Քո մոտ կարող է ինչ-որ բան չստացվել, բայց նա ասում է՝ «սա ֆուտբոլ է, չպետք է անցյալով ապրես, հաջորդ խաղի մասին մտածիր»,- ասել է նա:

Մխիթարյանը սովորություն ունի՝ մարզաբազա գալ մարզումից 2-3 ժամ առաջ, ինչը շատ էր զայրացնում Ժոզե Մոուրինյոյին, որը մարզում էր «Մանչեսթեր Յունայթեդը», երբ Հենրիխն այդ ակումբ տեղափոխվեց:

«Մի անգամ նա ինձ ասաց. «Դու ինձնից շուտ ես մարզումների գալիս, քո պատճառով ինձ քննադատում են մամուլում»,- պատմել է Հենրիխը:

Ֆուտբոլիստը կարծում է, որ Մոուրինյոն ամենաբարդ մարզիչն էր իր կարիերայում:

«Նա իր բնույթով հաղթող է, նրան հետաքրքիր չէ, թե ինչպես ես խաղալու՝ լավ թե վատ: Նրան հարկավոր է, որ հաղթես և անես այն, ինչ քեզանից պահանջում են... Բայց չնայած մեր բոլոր տարաձայնություններին, հատկապես վերջին շրջանում, դա չանդրադարձավ մեր լավ աշխատանքի վրա: Մենք միասին 3 մրցանակի արժանացանք»,- ասել է Մխիթարյանը:

Սակայն, այնուամենայնիվ, նրանց միջև որոշակի առճակատում եղել է. «Չգիտեմ, ինչ էր նրա գլխում: Ես ջանադրաբար ամեն օր աշխատում էի, շանս ստանալու համար... Եթե աշխատում եմ, պաշտպանվում եմ, օգնում եմ թիմին, գոլեր եմ խփում... բայց երբ ինչ-որ մեկը դժգոհ է, ես այդտեղ անելիք չունեմ: Չէի ցանկանում ժամանակ կորցնել, ուզում էի առաջ գնալ և ֆուտբոլ խաղալ»:

Անդրադառնալով Արսեն Վենգերի հետ իր աշխատանքին և «Արսենալում» խաղին՝ Մխիթարյանն ասել է. «Ես գիտեի, որ նա հետաքրքրվում էր ինձնով, երբ տարաձայնություններ ունեինք Մոուրինյոյի հետ: Նա ուզում էր ինձ «Արսենալում» տեսնել, իսկ ես մանկության տարիներին երազել եմ «Արսենալում» խաղալ... Մտածում էի՝ հայտնվել «Արսենալում»... Վենգերի հետ՝ դա ուղղակի երազ է, հեքիաթ»:

Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի հետ աշխատանքին, ապա այդ հարցում Մխիթարյանին օգնել է քույրը՝ Մոնիկան, որը ՈւԵՖԱ-ում պատասխանատու է ռազմավարական հաղորդակցությունների համար:

«Ամեն ինչ սկսվեց, երբ եղբայրս լավագույնը դարձավ Ուկրաինայի Պրեմիեր լիգայում... ես ասացի. «Քեզ գործակալ է պետք, հատկապես, եթե ուզում ես Եվրոպայում խաղալ»: Ես լսել էի, որ Մինո Ռայոլայի համար անհնար տրանսֆերներ չկան: Չգիտեինք՝ ինչպես գտնել նրա էլ.փոստի հասցեն, բայց ի վերջո՝՝ գտանք»:

Շուտով հանդիպումը կայացավ և Ռայոլան ասաց, որ ուզում է աշխատել Մխիթարյանի հետ:

Հարցին, թե ինչու 2019-ին չմեկնեց Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ Մխիթարյանն ասել է, որ ուղղակի չէր ցանկանում վտանգել կյանքը: Նա հավելել է, որ իրեն բազում անգամ են սպառնացել սոցցանցերում Ադրբեջանից:

«Ես հպարտ եմ, որ հայ եմ: Շնորհակալ եմ իմ ժողովրդին, իմ ազգին, որը սիրում է ինձ ու սատարում»,- ասել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ
10 լավագույն մարզիկը 5 մլն-ական դրամով կպարգևատրվեն
Փաշինյանը նշել է, որ սպորտի զարգացումն երկրում տնտեսության զարգացման լավագույն նշանն է