Եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցնելու և սոցբնակարանաշինության հարցը՝ Կառավարությունում

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցնելու և սոցբնակարանաշինության հարցը՝ Կառավարությունում

PanARMENIAN.Net - Կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու և դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը, մարտի 4-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ հիփոթեքային վարկերի ահռելի աճ է գրանցվել և 2019-ին պետբյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով վճարումները կազմել են 7.8 մլրդ դրամ։

Վարչապետը պատասխանել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ՀՀ-ում սոցբնակարանաշինությունը չպետք է գնման վկայականներով լինի, այլ դրանք պետք է մարզերում կառուցվեն՝ վաճառվելով կամ ծառայելով որպես սոցբնակարաններ:

«ԱԺ պատգամավորն առաջարկ է ուղարկել, ասում է՝ եթե մենք 7.8 մլրդ դրամ տալիս ենք, այս տեմպով, որ գնա՝ մի քանի տարուց այդ գումարը դառնալու է 30 մլրդ և ավելի: Եկեք այսօր այս ծրագիրը այսպես կանգնեցնենք և հավելյալ գումարը, որ պետք է տանք ավելի բարեկեցիկ ապրող քաղաքացիներին, որ նրանք տուն առնեն, եկեք դրանով սոցիալական բնակարանաշինություն իրականացնենք: Այս գաղափարը քննարկում ենք Կառավարությունում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ տարբեր գաղափարներ են քննարկվում, սակայն հնարավորինս բազմաքայլ պետք է գործել՝ առավել արդյունավետ լինելու համար:

Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավորներից Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ հիփոթեքով ձեռք բերված բնակարանների համար եկամտահարկի վերադարձի հետ կապված օրենքը պետք է չեղարկվի: Որպես պատճառ պատգամավորը նշում էր, որ մարդիկ կան, որոնք ունեն բազմաթիվ բնակարաններ ու փոխանակ իրենց աշխատած գումարները դնեն բիզնես սկսեն, գնում շենքեր են սարքում:

Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձինք հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկի գումարը: Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից և վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

 Ուշագրավ
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար