Ցավոք, այսօրվա դրությամբ հայ եկեղեցին Վրաստանում կարգավիճակ չունի

PanARMENIAN.Net - Ցավոք, այսօրվա դրությամբ հայ եկեղեցին Վրաստանում կարգավիճակ չունի: Այդ մասին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու վրացական թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը «Ոչ միայն հայոց, այլ նաեւ Վրաստանի բնակչության մեկ երրորդը կազմող այլ կրոնական փոքրամասնությունների եկեղեցիները, ոչ մի կարգավիճակ չունեն: Մեզ առաջարկում էին լինել սովորական ՈԿԿ, ինչին մենք, բնականաբար, չհամաձայնվեցինք: Մենք պահանջում ենք կամ օրենք ընդունել «Կրոնի մասին», կամ կոնկորդատ կնքել երկրի ղեկավարության հետ, պայմանագիր, որի միջոցով կրոնական փոքրամասնությունները իրավաբանական անձիք կդառնան»,-հայտարարել է նա: Ըստ թեմի առաջնորդի, իրավաբանական կարգավիճակի բացակայությունը չի խոչընդոտում եկեղեցիների փոխանցմանը հայկական կողմին: «Մենք ունենք համայնք, որին, ի վերջո, կարելի է փոխանցել եկեղեցիները: Ուղղակի Վրաց Ուղղափառ եկեղեցու բարձրագույն իշխանությունը պետք է իր համաձայնությունը տա, իսկ պետությունը` պետք է պաշտոնապես վերադարձնի»,-ասել է նա:



Եպիսկոպոս Միրզախանյանը ասել է նաեւ, որ մտավորականությունն ու սպասավորները չդիմեն հավատացյալներին եկեղեցիների փոխանցման հարցում, քանի որ այդ հարցը պետք է լուծի պետական մակարդակի հոգեւոր իշխանությունը: «Մեր երկու ժողովրդները եղել են, կան եւ պետք է լինեն բարեկամներ, հարազատներ, եղբայրներ: Վրաց հանրությունը պետք է հասկանա, որ հայերը խենթ չեն, որ Վրաստանի մայրաքաղաքում` Թբիլիսիում վրացիներից վրացական եկեղեցի պահանջեն: Եվ ես չէի ցանկանա, որ կրոնական մոլեռանդները, խաղալով հավատացյալների զգացմունքների հետ, ազգամիջյան պառակտում սերմանեին երկու ժողովրդների միջեւ»,-ասել է եպիսկոպոս Միրզախանյանը:



Միեւնույն ժամանակ, Վրաստանի պատրիարքարանը ձեռնպահ է մնում նոր մեկնաբանություններից այս հարցի շուրջ` հղում անելով դեկտեմբերի 8-ի հայտարարության վրա: Մասնավորապես, հայտարարության մեջ ասված է. «Հայտնի է, որ վրացական եւ հայկական եկեղեցիները տարբեր կարծիքներ ունեն Թբիլիսիի Լեսելիձեի փողոցում, «Ջվարիս մամա» եկեղեցու մոտ գտնվող պատմական կրոնական հուշարձանի (ըստ հայկական աղբյուրների` Նորաշեն եկեղեցու) պատկանելության մասին: Եվ քանի որ վիճակը սրվել է, կարծում ենք, որ պետք է անցկացնել հարցի պատմական ուսումնասիրություն եւ համաձայնեցնել այն պրոֆեսիոնալ փորձագետների հանձնաժողովի արդյունքների հետ», հաղորդում է Bagin.info-ն:



Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում են 32 վերականգնված եւ նորացված հայկական եկեղեցիներ: Նրանց մեծ մասը գտնվում է Ջավախքի կամ Քվեմո Քարթլիի հայկական գյուղերում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---