Ռևազյան․ Ավիաընկերությունների թռիչքային անվտանգության խնդիրները նաև Քաղավիացիայի թերությունն է

Ռևազյան․ Ավիաընկերությունների թռիչքային անվտանգության խնդիրները նաև Քաղավիացիայի թերությունն է

PanARMENIAN.Net - Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական միության մասնագետների կողմից ներկայացված զեկույցում որևէ կերպ նշված չէ, որ Քաղավիացիայի կոմիտեին առնչվող խնդիրները հայտնաբերվել են վերջին 2 տարում, ընդհակառակը՝ նրանք հայտարարություն ունեն, որտեղ նշված է՝ թերությունները կապ չունեն նոր ղեկավար կազմի կամ իրավիճակի հետ, հայտարարել է կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

Ապրիլի 4-ին Քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ ՀՀ-ում գրանցված 2 ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել դեպի այլ պետություններ։ Կոմիտեից հայտնել էին նաև, որ լուրը չի նշանակում, որ Քաղավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից։

Ըստ Ռևազյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կոմիտեն 100%-անոց ստուգումներ չի կարողացել կատարել, օրինակ՝ Աֆրիկայում թռիչքներ իրականացնող հայկական ավիաընկերությունների մասով, այդ պատճառով փոփոխություններ են արվել, որ ավիաընկերությունը չկարողանա գրանցվել ՀՀ-ում, բայց թռիչքներ իրականացնի Աֆրիկայում։ Նա հայտնել է, որ «Տարոն Ավիա» ավիաընկերության գործունեությունը կասեցվել է, ապա այն փակվել է, իսկ «Մարս Ավիայի» գործունեությունը կասեցվել է, խնդիրները լուծած չլինելու դեպքում այն ևս կփակվի։

Ռևազյանը նաև հայտնել է, որ այժմ արդեն տեսչական ստուգումների մակարդակը բարձրացել է, ԱԺ-ում էլ օրենսդրական փոփոխոություն են պատրաստում, որ ինքնաֆինանսավորման լծակներ ստեղծվեն և Կոմիտեում հնարավոր լինի ներգրավել մրցակցային կադրերի։ Նա նշել է, որ աշխատանքներում թիմ է ներգրավվելու, որը կզբաղվի ոչ թե ընթացիկ, այլ ռազմավարական հարցերով։ Անդրադառնալով Կոմիտեում առկա խնդիրներին՝ Ռևազյանը հայտնել է, որ մի շարք խնդիրներ աշխատակիցները լուծում են տեղում՝ առանց արձանագրելու, որ նմանատիպ հարց է առաջացել։ Ըստ Ռևազյանի՝ դա հիմնական մտածելակերպային տարբերություններից մեկն է․ օրինակ՝ 5 տարվա խնդիրը պետք է արձանագրվի՝ հասկանալու համար՝ ինչպես է դա լուծվել։

Կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը նշել է, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության արձանագրած 42 խնդրից 18-ին պատասխան տրվել է։

Ռևազյանի խոսքով՝ եվրոպական երկրներ չվերթերի համար դիմած ավիաընկերությունների թռիչքային անվտանգության խնդիրները նաև Քաղավիացիայի կոմիտեի թերությունն է։

«Եթե մենք տեսչական ստուգումների ընթացքում նկատեինք և արձանագրեինք, որ ավիաընկերությունը խնդիրներ ունի, նրանք չէին էլ կարողանա դիմել Եվրոպայում չվերթեր իրականացնելու համար։ Մենք վերահսկող մարմին ենք և ճիշտ չէ, որ ավիաընեկորւթյունը դիմի չվերթի համար, հետո մենք հասկանաք, որ խնդիր կա։ Այդ մոտեցումն է մեզ մոտ խնդիր եղել, և ես խնդիրեցի, որ վերահսկողական մարմինը գա և ստուգի բոլոր պրոցեսները, որ հասկանանք՝ բացթողումը որտեղ և ինչու է եղել»,-ասել է Ռևազյանը՝ հավաստելով, որ ընդհանուր համակարգը խնդիր ունի։

Անդրադառնալով թռիչքային անվտանգությանը վերաբերող զեկույցի չհրապարակմանը՝ Պողոսյանը նշել է, որ այն 4 մասից է բաղկացած և իրենք ավիաընկերություններին կարող են տրամադրել կոմիտեին ու կոնկրետ ավիաընկերությանը վերաբերող մասը, իսկ դա նշանակում է, որ այն հրապարակման ենթակա չէ։ Ռևազյանն էլ հավելել է, որ փաստաթղթի հրապարակման դեպքում այն կարող է «սխալ ձեռքում» հայտնվել՝ օրինակ՝ ոչ բարեկամ պետությունների։

Ռևազյանը կրկին հիշեցրել է, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն չի կարող հայտնվել սև ցուցակում, Կոմիտեի ոչ պատշաճ գործառույթների իրականացման պատճառով այդ ցուցակում կարող են հայտնվել ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները։ Այս պահի դրությամբ նման ավիաընկերութուն չկա, մայիսին հայտնի կլինի՝ կա նման որոշում, թե` ոչ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---