Քոչարյանը՝ «պրագմատիկ կաթողիկոսի», եկեղեցին հարգելու, բայց հավատացյալ չլինելու մասին

Քոչարյանը՝ «պրագմատիկ կաթողիկոսի», եկեղեցին հարգելու, բայց հավատացյալ չլինելու մասին

PanARMENIAN.Net - Վերջին օրերին ներքաղաքական ու հասարակական կյանքի կարևոր թեմաներից մեկն է դարձել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունը, ըստ որի՝ նա կարևոր է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Դրան հաջորդել է իշխանության ներկայացուցիչների և հոգևորականների հեռակա բանավեճը։

Ինքը Քոչարյանն իր ու եկեղեցու հարաբերություններին անդրադարձել է «Կյանք և ազատություն» գրքում՝ առանձին գլուխ նվիրելով այդ թեմային։ Ներկայացնում ենք հատվածներ այդ գլխից.

Գարեգին Բ-ի մասին

․․․Պարզվեց, որ կաթողիկոսը բավականին պրագմատիկ մարդ է և նրան բավականին արագ հաջողվեց շտկել Էջմիածնի ֆինանսական վիճակը։ Նրա ջանքերի շնորհիվ նվիրատուներ դարձան աշխարհի բոլոր քիչ թե շատ ունեվոր հայերը։ Դա թույլ տվեց ակտիվ եկեղեցաշինություն ծավալել Հայաստանի մարզերում և Երևանի շրջաններում։ Մեր բոլոր հայտնի վանքերը պատմականորեն լեռներում են կառուցվել, բնակավայրերից հեռու, ուստի ավելի շուտ ուխտավայր են դարձել զբոսաշրջիկների համար, ոչ թե հոտի հետ ամենօրյա շփման վայր՝ ի տարբերություն Եվրոպայի, որտեղ եկեղեցիները քաղաքների և գյուղերի սրտում են կառուցվել։ Նոր եկեղեցիների կառուցումը խիտ բնակեցված վայրերում զգալի ազդեցություն ունեցավ բնակչության կրոնական ակտիվության վրա, ինչը կարևոր էր նաև մրցակցելու համար Հայաստանում տարածվող աղանդավորության հետ․․․ Ես ամեն կերպ սատարում էի կաթողիկոսի պրագմատիզմին, թեև երբեմն ինձ թվում էր, որ հարկավոր է ավելի շատ միջոցներ ուղղել մեր պատմական վանքերի պահպանմանը։

Հոգևորականության մասին

Եկեղեցու հեղինակությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար եկեղեցու սպասավորներ շրջանակի լուրջ թարմացում էր պահանջվում՝ որոշ եպիսկոպոսներ ավելի շատ կիսագողական գործարարների էին նմանվում, քան հոգևորականների և չարժեր նրանց վստահել հոտի հետ աշխատանքը։ Կաթողիկոսը ևս տեսնում էր այդ խնդիրը և բացատրում էր դա պատրաստված եկեղեցականների բացակայությամբ։ Նա ասում էր, որ բազում երիտասարդներ արդեն ուսանում են և կադրերի նորացման հարցը սահուն կերպով կլուծվի առաջիկա տարիներին։

Կրոնի նախնական ընկալման, Պարգև արքեպիսկոպոսի և մկրտության մասին

Ղարաբաղում առաջին ագամ հոգևորական հայտնվեց 1989-ին․ Էջմիածնը նշանակեց Պարգև եպիսկոպոսին․․․ Այն ժամանակ ես չէի պատկերացնում, թե ինչպես կարող է կրթված մարդը հավատացյալ լինել։ Շփումը եպիսկոպոսի հետ թույլ տվեց հաղթահարել այդ խորը մոլորությունը․․․ Ես մկրտվել եմ 1996-ին Գանձասարում, երբ արդեն ԼՂՀ նախագահն էի։ Ինձ համոզեց Պարգև սրբազանը՝ հավանաբար, հուսալով, որ ես, ի վերոջ կդառնամ հավատքի․․․ Արևն այդ պահին շրջանակված էր զարմանալի գեղեցիկ կոնցենտրիկ ծիածանով՝ ես դեռ երբեք չէի տեսել այդպիսի մթնոլորտային երևույթ։ Եպիսկոպոսը վստահ էր, որ դա նշան է ի վերուստ, իսկ ես փորձում էի նրան երկիր վերադարձնել՝ բացատրելով երևույթի հնարավոր ֆիզիկան։

Հավատացյալ չդառնալու մասին

Ինքս այդպես էլ հավատացյալ չդարձա՝ հավանաբար, հավատն առ Աստված մանկուց է պետք սերմանել, իսկ իմ դեպքում դա այդպես չէր։ Եվ հետո, ես երբեք բավականաչափ սնահավատ չեմ եղել, որպեսզի ծանոթությունն Աստվածաշնչի հետ վերածվեր հավատի։ Սակայն ես միշտ հարգանք եմ տածել կրոնի և Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ։ Եկեղեցիները դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում եղել են հայերի համար համայնքային կյանքի կենտրոնը՝ կատարելով ինքնության, լեզվի ու կրոնի պահպանման կարևորագույն գործառույթը։ Կարծում եմ, որ դրա բնազդային ընկալումը խորապես նստած է յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ, անկախ նրա հավատի աստիճանից։ Սակայն ձևացնել, թե ես հավատացյալ եմ, ես չէի կարող՝ կեղծավորության հանդեպ իմ խորը զզվանքի պատճառով։ Ինձ մինչ օրս նյարդայնացնում է ակնհայտ սրիկաների ցուցադրական բարեպաշտությունը, նրանք, հավանաբար, անկեղծ հավատում են, որ թողություն են աղերսում իրենց մեղսագործ էության համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---