Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր ռազմաքաղաքական նպատակը հայերի ամբողջական ոչնչացումն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր ռազմաքաղաքական նպատակը` հայ պետականության ջախջախումն ու հայ էթնոքաղաքական սուբյեկտի լիակատար ոչնչացումը Կովկասում, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Միտք» վերլուծաբանական կենտրոնի փորձագետ Վարդան Հովսեփյանը: Նրա խոսքերով, երկու պետությունների, մասնավորապես, Ադրբեջանի իշխող շրջանակները երբեք չեն էլ թաքցրել, որ Բաքվի նպատակը Ղարաբաղի համար նոր պատերազմում հայկական կենդանի ուժի եւ ազգի գենոֆոնդի առավելագույն ոչնչացումն ու նույնիսկ Հայաստանի Հանրապետության որոշ շրջանների, մասնավորապես, Սյունիքի, գրավումը կլինի:



«Բաքվի քաղաքականությունն, ուղղված երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, անհերքելիորեն ապացուցում է, որ Ադրբեջանը կձգտի պատերազմի, անկախ այն բանից, թե կհանձնի հայկական կողմը ԼՂՀ-ի տարածքները թե ոչ: Բաքուն Թուրքիայի օգնությամբ մտադիր է սկսել հրթիռների, ավիառումբերի, տանկերի սերիական արտադրություն, որը բացառապես հարձակողական զենք է: Այդպիսով, Ադրբեջանն իրականում չի ցանկանում բարելավել հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ որեւէ փաստաթղթի ստորագրումն այդ պետության համար անհիմն է եւ անմիաստ: Ժամանակն է, որ հայկական կողմը երկարաժամկետ պլան մշակի, ուղղված սեփական ռազմարդյունաբերության ամրապնդմանը: Հայ հանրությունը պետք է իրատեսորեն գիտակցի իրավիճակի ողջ բարդությունը եւ պահանջի ղեկավարությունից կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ապահովելու համար ռազմական հավասարակշռությունն ու հիմնավորապես նախապատրաստել պետությունն ու հասարակությունը նոր ռազմական գործողությունների»,-ասել է Հովսեփյանը:
 Ուշագրավ
---