Արմեն Ամիրյանը դատի է տվել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորին

Արմեն Ամիրյանը դատի է տվել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորին

PanARMENIAN.Net - Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն արձագանքել է իր հասցեին «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից հնչող մեղադրանքներին և հայտարարել, որ հայցադիմում է ներկայացնում դատարան։ Ամիրյանը նշել է` պահանջելու է, որ Գալստյանն անձամբ հրապարակայնորեն «հերքի զրպարտությունները և ներողություն խնդրի վիրավորանքների համար»։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարի մի մասը` մոտ 6,800,000 դրամ:

«Հովհաննես Գալստյանը ինձ ներկայացրել է Կաննի կինոփառատոնին մասնակցելու մեծ ծրագիր, որի բյուջեն նախարարության նախատեսած գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն։ Հետո կինոկենտրոնը դիմեց, ես էլ հրամանով կինոկենտրոնին հանձնարարեցի կազմակերպել։ Պատվիրակության ղեկավարն էր Գալստյանը։

Մեկնելուց գրեթե մեկ շաբաթ առաջ ինձ զեկուցեցին, որ Կաննի ծրագիրը տապալվում է, և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում կայացվեց փոխել ղեկավարին՝ Գալստյանն ամեն բան փոխանցեց ծրագրի նոր ղեկավարին։ Տեղավորվեցին ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Գալստյանը, մեկնեցին Կանն։ Վերադարձան՝ ներկայացնելով բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)»,- ասվում է Ամիրյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ամիրյանը հավելել է, որ ավելի ուշ տեղեկացել է Գալստյանից, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։

«Ես Հովիկին ասացի, որ լուծում կգտնենք, թեև որևէ պարտավորություն չունեի։ Կարճ ժամանակ անց ես հրաժարական տվեցի։ Սա է ամբողջ պատմությունը, որը Գալստյանը նենգափոխում և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար... Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել»,- ասվում է գրառման մեջ։

2019-ին «Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը հացադուլ էր հայտարարել, քանի որ 2018-ի հեղափոխությունից հետո ֆիլմի ֆինանսավորման հայտը մերժվել էր։

Ավելի վաղ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել էր «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018-ին, նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։ 2016-ին կինոկենտրոնն ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88 մլն դրամ։ Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---