ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ` Ադրբեջանի զորավարժությունների պատճառով

ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ` Ադրբեջանի զորավարժությունների պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը կազմակերպվում է առանց նախնական ծանուցման, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից և այդ հարցի վրա ուշադրություն հրավիրելու կոչ անում ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և միջազգային հանրության ուշադրությանը։

ՊՆ-ից նշել են, որ այդ քայլը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011-ի Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է: Հայկական կողմը կոչ է արել ադրբեջանականին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական զորավարժությունը համարել է «տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող»։

ՊՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։

Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է նախատեսել մայիսի 18-22–ը։ Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 10,000 զինծառայող։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---