«Մեյմանդարի» շուկայում մեքենա են շրջել․ Քրգործ է հարուցվել

«Մեյմանդարի» շուկայում մեքենա են շրջել․ Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայում գյուղմթերքի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել շուկայի գործունեությունը 1 օրով դադարեցնելու Պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։ Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։

Նախաքննության շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել միջադեպին մասնակցած անձինք, կան ձերբակալվածներ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ` միջադեպի հանգամանքները պարզելու, ինչպես և հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։

Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։ Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։

«Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած իրադարձություններին արձագանքել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը