Բադասյան․ Նախատեսում ենք դատապարտյալներին նոր աշխատանքներում ներգրավել

Բադասյան․ Նախատեսում ենք դատապարտյալներին  նոր աշխատանքներում ներգրավել

PanARMENIAN.Net - Հայաստանում դատապարտյալների ներգրավվածությունը որոշակի աշխատանքներում դեռ ցածր է, սակայն պետությունը նախատեսում է նրանց ներգրավել մի շարք նոր աշխատանքներում, հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան։

«Քանի որ կառավարությունն ունի մեծ թվով թվայնացման աշխատանքներ՝ կամ սկանավորման կամ ինչ-որ մոդելով փաստաթղթերի թվայնացման, մտածում ենք, որ հնարավոր է մրցույթները նաև այդ պայմաններով հայտարարվեն, որ դատապարտյալները ներգրավվեն թվայնացման աշխատանքների մեջ»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ իրենք ուսումնասիրել են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատանքը՝ պարզելով, որ այն կանոնադրական նպատակներով չի աշխատել:

«Այն պետք է որոշակի ծառայություններ մատուցեր քրեակատարողական ծառայությանը, եթե դրանք շուկայականից ցածր գնով էին և նշված աշխատանքներում ներգրավեր դատապարտյալներին: Դատապարտյալների նվազ ներգրավվածություն կար, շուկայական գների մասով էլ որոշ մտահոգություններ կային»,-ասել է Բադասյան՝ հավելելով, որ իրենք երկու ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ իրականացրել են։

Բադասյանը հայտնել է, որ իրենք մինչ կորոնավիրուսի համաճարակը ծրագրել են դատապարտյալները խոհարարական դասընթացներ անցնեին ՔԿՀ-ներին սնունդ մատակարարող ընկերության հետ՝ ներգրավվելով այդ աշխատանքներում: Նախարարը նշել է, որ համագործակցության տարբերակ կա նաև կապված տնկիների՝ տեղում աճեցման հետ։

2020-ի ապրիլին Եվրոպայի խորհորդի հրապարակած վիճակագրություն տվյալներով՝ 2019-ի հունվարի դրությամբ Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը 2266 է՝ 2.9 մլն բնակչի ցուցանիշով, 2018-ի (3536) համեմատ նկատվել է մոտ 36% անկում։ 2020-ի ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել է, որ 2019-ին Հայաստանում 26,850 հանցավորության դեպք է գրանցվել, նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 8.8%-ով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---