ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսում նախագահի ընտրությունների արդյունքները․ Պատժամիջոցներ են մշակում

ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսում նախագահի ընտրությունների արդյունքները․ Պատժամիջոցներ են մշակում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի ճանաչում օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և սկսում է պատժամիջոցներ մշակել դրանց կեղծմանը և ընդդիմության դեմ բռնություններին մասնակից անձանց դեմ։ Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի նիստի ավարտին հրապարակված հայտարարության մեջ, գրում է BBC-ն։

«Այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ լէ՝ արդար։ Եվրամիությունը դրանց արդյունքները կեղծված է համարում, ուստի չի ընդունում դրանց արդյունքները, որոնք հրապարակել է Բելառուսի ԿԸՀ-ն»,-ասվում է արտգործնախարարների խորհրդակցության արդյունքում ընդունված կոմյունիկեում։

Նախարարները նաև կողմ են արտահայտվել, որ պատժամիջոցներ սահմանվեն այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են բռնության, հետապնդումների և ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Նշվում է, որ պատժամիջոցների մշակումը կսկսվի անհապաղ։

Նախարարները նաև որոշել են օգնություն առաջարկել Բելառուսին՝ իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն հաստատելու գործում։ Դրանով կզբաղվի ԵՄ արտաքին գործերի գերատեսչությունը Ժոզեպ Բորելի գլխավորությամբ։

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի իշխանության դեմ դեռևս 1997-ին և պարբերաբար մեկ թուլացնում, մեկ խստացնում է դրանք՝ կախված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հռետորաբանությունից ու քաղաքականությունից։ 2016-ին ԵՄ-ն չեղարկեց Լուկաշենկոյի և 169 այլ պաշոտնյաների դեմ պատժամիջոցներն այն բանից հետո, երբ Լուկաշենկոն հրաժարվեց բացահայտ սատարել Ղրիմի միացմանը ՌԴ-ին, որպես միջնորդ առաջարկեց իրեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում, իսկ 2015-ին ազատ արձակեց 6 քաղբանտարկյալի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---