Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին, իսկ Փարիզում Անկարայի դեսպանին կանչել է ԱԳՆ

Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին, իսկ Փարիզում Անկարայի դեսպանին կանչել է ԱԳՆ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ խորհդրակցությունների համար։ Հետկանչը հաջորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններին։

RTL-ն հայտնում է, որ նախագահ Մակրոնը Էրդողանի խոսքերը որակել է որպես վիրավորանք և հայտարարել՝ Էրդողանը չափերն անցել է։ Դրա համար Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել երկրում Թուրքիայի դեսպանը՝ բացատրություններ տալու համար։

«Էրդողանի խոսքերն անընդունելու են։ Ծայրահեղությունը և կոպտությունը եղանակ չեն։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության կուրսը, այն վտանգավոր է բոլոր տեսանկյուններից։ Մենք չենք մտնելու անիմաստ բանավեճի մեջ և չենք հանդուրժելու վիրավորանքներ»,- LeFigaro-ի փոխանցմամբ, նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Ֆրանսիան նաև ընդգծել է, որ թուրքական կողմից աջակցության և ցավակցության ուղերձներ չեն ստացել՝ կապված Սամուել Պատիի մահվան հետ։

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Մակրոնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի։

Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։

Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։

Ուսուցչի գլխատման դեպքով Ֆրանսիայում 4 մարդ է բերման ենթարկվել՝ այդ թվում հանցագործի հարազատներից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---