Աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով կերկարացվի

Աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով կերկարացվի

PanARMENIAN.Net - Աշնանային արձակուրդը ևս 2 շաբաթով կերկարաձգվի՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների։

Որոշումը կայացվել է` հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը, տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

12-րդ դասարանցիները հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ Ա 1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։

Նոյեմբերի 12-ից հետո` կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։

Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։

Այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 78,810-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 973-ով (Նախորդ օրը՝ հոկտեմբերի 25-ը, կիրակի էր և կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաների մի մասը չի աշխատել): Փաստացի բուժվում է 26,113 մարդ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---