ՀՀ ԱԳՆ․ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է ԼՂ հակամարտությանը միջկրոնական բնույթ տալ

ՀՀ ԱԳՆ․ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է  ԼՂ հակամարտությանը միջկրոնական բնույթ տալ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադականների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ հայտարարության մեջ։

Նշվում է, որ նոյեմբերի 1-ին Արցախի Պաշտպանության բանակի կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի:

Հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից և Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադականների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:

Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

«Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---