Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործիչների նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործիչների նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ։

Ադրբեջանը քրեական հետապնդում է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ։

Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալներն Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ գործակցություն չիրականացնելու ուղղությամբ: Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին:

ՀՀ դատախազությունը հետամուտ է եղել նաև նույն հիմնավորմամբ այլ հետախուզական ուղիներն օգտագործելու Ադրբեջանի փորձերը կասեցնելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---